Մեծ աշխատանք ենք կատարում, որ արեւմտյան չափանիշների ռազմական միջոցներ ունենանք. Պնախարար
Հայաստանի Զինված ուժերը մեծ աշխատանք են կատարում` արեւմտյան չափանիշներին համապատասխան ռազմական միջոցներ ունենալու համար: Այս մասին այսօր` մարտի 1-ին, Գիտությունների ազգային ակադեմիայում գիտնականների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը;
«Մենք ունենք զենք, որը ժառանգություն է մնացել խորհրդային տարիներից: Այսօր էլ մեծ աշխատանքներ են կատարվում, որպեսզի արեւմտյան չափանիշներին համապատասխան միջոցներ ունենանք եւ զարգացնենք մեր հայրենական արդյունաբերությունը»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքով` արդեն մշակվել է ռազմական արդյունաբերության հայեցակարգը, որը նաեւ հավանության է արժանացել Անվտանգության խորհրդի կողմից:
«Ռազմական արդյունաբերության կոմիտե է ստեղծվել, որը մեր ռազմական արդյունաբերության հիմքը պետք է լինի»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ գիտնականների հետ հանդիպման մեկնարկին պատմաբան Աշոտ Մելքոնյանը Հայոց պատմության մասին գիրք նվիրեց նախարարին` հույս հայտնելով, որ գրքի շարունակության հեղինակներից մեկն էլ հենց Սեյրան Օհանյանը կլինի: