Խորհրդարանում մեկնարկել են օմբուդսմենի ընտրության քննարկումները
Խորհրդարանում մեկնարկել են մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քննարկումները: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը պատգամավորներին հայտնեց, որ հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտոնում ներկայացրել է Արման Թաթոյանի թեկնածությունը: Նա ներկայացրեց Արման Թաթոյանի թեկնածությունը՝ վստահություն հայտնելով, որ նա մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կկարողանա լիարժեք իրականացնել իր վրա դրված պարտականություններն ու իր գործառույթները:
Արման Թաթոյանն իր ելույթում նշեց, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը յուրաքանչյուր պետության ամենազգայուն և կարևորագույն ոլորտներից է: «Այն կարող է անմիջական ազդեցություն ունենալ ինչպես երկրի զարգացման, այնպես էլ յուրաքանչյուր անձի պաշտպանվածության վրա: Իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը լի է մարտահրավերներով, որոնք անընդհատ փոփոխվում են և դրանց հաղթահարման համար յուրաքանչյուր դեպքոում պահանջվում են նոր մոտեցումներ: Հայաստանում իրավապաշտպան գործունեությունը և դրան ում մարդու իրավունքների պաշտպանի դերը նորովի արժևորվեցին 2015թ. սահմանադրական բարեփոխումներով: Մի կողմից բարձրացվեց այդ մարմնի նշանակությունը երկրի իրավական համակարգի կատարելագործման հարցում, մյուս կողմից արձանագրվեց մարդու իրավունքների պաշտպանին դիմելու յուրաքանչյուր անձի բացարձակ իրավունքը: Սա է եվրոպական արժեհամակարգի վրա հիմնված ժամանակակից այն մոտեցումը, որը դրված է Հայաստանի իրավապաշտպան համակարգի զարգացման հիմքում: Այս մոտեցումն առավել քան օրինաչափ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Թաթոյանը:
Նա հավելեց, որ իրավապաշտպան քաղաքակիրթ պահանջները մեծ ծանրություն են դնում պետության վրա: Համաձայն նոր ձևավորված համաեվրոպական սկզբունքների՝ պետություններն իրենք պետք է ամեն ջանք գործադրեն, որպեսզի յուրաքանչյուր ոք իրեն լիարժեք պաշտպանված զգա սեփական երկրում: «Ըստ այդմ՝ Օմբուդսմենի ինստիտուտին վերապահվում է հատուկ նշանակություն՝ որպես իրավունքների և ազատությունների պաշտպանության համակարգի ինքնուրույն մասնակից: Այսքանով հանդերձ, համոզված եմ, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է ընկալվի ոչ թե որպես պետությունից օտարացած և հենց այդ նույն մղումով պետության դեմ պայքարի դուրս ելած մարմին, այլ այնպիսի սուբյեկտ, որը, լրացնելով պետական ինստիտուտների համակարգը և վեր լինելով գերատեսչական որևէ շահից, կոչված է նպաստելու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի ուժեղացմանը»,- մանրամասնեց Արման Թաթոյանը:
Նա ցավով նկատեց, որ Հայաստանում շարունակում են չլուծված մնալ զգալի թվով այնպիսի խնդիրներ, որոնք մարդու իրավունքների և ազատությունների խախտումների պատճառ են դառնում: «Օրինակ, համակարգային վերափոխման կարիք ունի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման իրավական մեխանիզմը, դատապարտյալին այդ գործընթացի կարևոր մասնակիցը դարձնելու և այդ նպատակի համար նրան անհրաժեշտ իրավունքներ վերապահելու միջոցով: Ներդրված չէ ազատությունից զրկման վայրերում պահվող անձանց վարքագծի նկատմամբ անհատական և ռիսկային գնահատման մոտեցումը: Մտահոգիչ է այ ն, որ, օրինակ, փակ հաստատություններում պահվող անձինք՝ հակառակ Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի, զրկված են իրենց նկատմամբ կարգապահական տույժերի կիրառության ու այդ տույժերի բողոքարկման ընթացքում արդար դատաքննության իրավունքների երաշխիքներից: Մինչ օրս օրենսդրական ամրագրում չունի ապաստան հայցողների անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ՝ չնայած միջազգային պահանջներին»,- ընդգծեց Թաթոյանը:
ՄԻՊ-ի թեկնածուի խոսքով՝ ակնհայտ է, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցում անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք: Նրա խոսքով՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնային գործոն է Սահմանադրությամբ նրան տրված լիազորությունների շրջանակը, որը պետք է զարգացում ստանա սահմանադրական օրենքի մակարդակով:
Աղբյուրը` http://orer.am/?p=176543&l=am