Լրագրողները ստորագրահավաք են սկսել եւ պահանջում են պատժել իրենց հայհոյած Մհեր Սեդրակյանին
Մի խումբ լրագրողներ ԱԺ-ում ստորագրահավաք են սկսել եւ պահանջում են պատժել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին, որը նրանց պնդմամբ, իրենց նախիր է անվանել եւ հայհոյել։ Նրանք Facebook-յան նախաձեռնող խումբ են ստեղծել, որտեղ հրավիրում են խմբագիրների, հասարակական կազմակերպությունների, Ազգային ժողովի պատգամավորների, իրավապաշտպանների եւ բոլոր շահագրգիռ անձանց՝ մասնակցելու լրագրողների բողոքի ակցիային, որը նպատակ ունի դատապարտել Մհեր Սեդրակյանի պահվածքը լրագրողների նկատմամբ:
Մասնավորապես, փետրվարի 23-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ դարպասների մոտ լրագրողները բողոքի ակցիա է տեղի ունենալու՝ պատգամավորին պատժելու պահանջով:
Ակցիայի ավարտին նախատեսվում է լրագրողների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարած, էթիկայի նորմերը խախտած պատգամավորի հարցով Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողով հանձնել դիմում, որով պահանջում ենք քննել Սեդրակյանի վարքը եւ որոշում կայացնել:
Ակցիայի ժամանակ լրագրողները կոչ են անելու Գալուստ Սահակյանին պատժել իրենց նախիր անվանող եւ հայհոյող պատգամավորին:
Նշենք, որ միջադեպը մի շարք լրատվամիջոցներ տեսանկարրահանել են, սակայն Սեդրակյանն ավելի ուշ պնդել է, որ ինքը չի հայհոյել: