Գյումրիում կտրված ականջով երիտասարդը բուժում է ստանում, դեռ չի վիրահատվել

Փետրվարի 16-ին կտրված ականջով «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն: Այս մասին Tert.am-ին հաղորդեց «Գյումրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը:

«Հիվանդը շարունակում է բուժում ստանալ վնասվածքաբանության բաժանմունքում, հականեխման լուծույթներով մշակվում է վերքը»,- տեղեկացրեց խոսնակը:

Հարցին, թե երբ է իրականացվելու արհեստական ականջի տեղադրումը և ինչ տարբերակով, Նարեկ Կիրակոսյանը պատասխանեց. «Դա պարզ կլինի, հավանաբար, երկուշաբթի, կախված նրանից, թե վնասված հատվածը երբ կապաքինվի»:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» է ընդունվել աջ ականջը կտրած 23-ամյա երիտասարդ: Tert.am-ը նաև տեղեկացրել է, որ դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

 

 

Աղբյուրը` tert.am