Սահմանին զոհված Ռուբենի երկվորյակ եղբոր մոտ առողջական խնդիրներ են առաջացել
Սահմանին զոհված 19-ամյա Ռուբեն Ալեքսանյանի երկվորյակ եղբոր՝ Գարիկի մոտ առողջական խնդիրներ են առաջացել: Գարիկի մայրը՝ Լուսիկ ԱլեքսանյանըNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որդուն հետազոտել են հոսպիտալում, սակայն դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչ խնդիր ունի:
«Ինքն էլ չի հասկանում` կոնկրետ ինչն է ցավում: Մեջքից ա բողոքում: Տարել են ստուգման, բժիշկներն էլ չեն հասկանում: Բայց ցավը հենց այն շրջանում է, որտեղից եղբայրը վիրավորվել էր»,- ասաց Լուսիկ Ալեքսանյանը:
Տիկին Լուսիկը նշեց, որ որդուն ժամկետային զինվորական ծառայությունից մեկ տարի շուտ ազատելու խնդրով եւս մեկ անգամ դիմել է պաշտպանության նախարարին, սակայն մերժում է ստացել: Հիշեցնենք, որ Գարիկը սահմանային զորամասից տեղափոխվել է մի զորամաս, որն իրենց բնակավայրից 15 կմ է հեռու: Մայրը ցանկանում է, որ որդին տուն վերադառնա, քանի որ, նրա խոսքով, Գարիկը եղբոր զոհվելուց հետո վատ հոգեվիճակում է, այդ կերպ չի կարող շարունակել ծառայությունը:
20-ամյա Ռուբեն Ալեքսանյանը զոհվել է 2015թ. դեկտեմբերի 18-ի գիշերը՝ հակառակորդի հետ ծավալված մերձամարտերի ընթացքում: Նա Լոռու մարզի Տաշիր քաղաքում էր բնակվում, ծնունդով Կաթնառատ գյուղից էր, ծառայում էր երկվորյակ եղբոր հետ: Ռուբեն Ալեքսանյանն ու նրա երկվորյակ եղբայրները տան կրտսեր զավակներն են: Նրանց ավագ եղբայրը մահացել է ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի ժամանակ, մյուս եղբայրը Հայաստանում է: Ռուբեն Ալեքսանյանի ծնողները նրա զոհվելու օրը արտերկրում են եղել՝ արտագնա աշխատանքի: