Հայաստանի Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը լինելու է տարածաշրջանում առաջատարներից մեկը – իտալացի մասնագետ
ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի մասնագետները հերթական անգամ այցելեցին ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, որտեղ ընթանում են Հայաստանում առաջին Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի և ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:
Այցելության ընթացքում, կապալառու «Renco Armestate» LLC, «Renco» SPA, «Acotec» SRL ընկերությունների համատեղ ձեռնարկության ներկայացուցիչները բժշկական կենտրոնի և Առողջապահական ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ցուցադրեցին փոխպատվաստման բաժանմունքի հիվանդասենյակի նախատեսվող կառուցվածքը, կահույքի և այլ բժշկական համակարգերի տեղակայման վայրը:
Հանդիպմանը մասնակցեց նաև Իտալիայից ժամանած Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի և ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման գործընթացի անկախ վերահսկողություն իրականացնող միջազգային փորձագետ Գաբրիելե Զինգարետին: Իրականացված աշխատանքներն արժանացան անկախ փորձագետի բարձր գնահատականին, ով համոզմունք հայտնեց, որ նորաստեղծ կենտրոնը լինելու է տարածաշրջանում ոլորտի առաջատարներից մեկը: