Քննարկվում է ՀԿ-ների մասին փոփոխված օրենքը, ըստ որի՝ ՀԿ-ները կարող են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել

ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են, քննարկվում է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթը:
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի գնահատմամբ, նախագծում դրական կետեր առկա են, ինչպես օրինակ՝ ՀԿ-ների գրանցման կարգը դյուրացվում է, հնարավոր է դառնում ներգրավել կամավորների, նաև սահմանափակ թվով անդամներ ունեցող ՀԿ-ների  ստեղծման հնարավորություն է տրվում,  ինչը, ըստ նրա, կարևոր է գիտական աշխատանքով զբաղվող ՀԿ-ների համար:
Էլինար Վարդանյանը հատկապես շեշտեց, որ կարևոր է նաև այն փոփոխությունը, որ ՀԿ-ներին հնարավորություն է ընձեռում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել:
«Քանի որ ՀԿ-ներն ունեն ֆինանսական խնդիրներ՝ դրանով կլուծվեն այդ ֆինանսական խնդիրերը»,- ասաց նա:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ ներկայացնելով օրենքի հիմնական փոփոխությունները նշեց ՀԿ-ների առցանց գրանցման դյուրությունը, ՀԿ-ների ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, և վիճահարույց համարվող՝ ՀԿ-ների հաշվետվողականության հարցը, թե որտեղից է գալիս տվյալ ՀԿ-ի ֆինանսավորումը՝ պետակա՞ն, թե՞ ոչ պետական կազմակերպություններից:
«Սուր եզրերը հարթած նախագիծ է ներկայացված ձեր քննարկմանը: Որպես ՀԿ-ների զարգացման օրենսդրական բարեփոխումների ծրագիր, մեզ համար սա կարևոր նախագիծ է, որովհետև ՀԿ-ների պատշաճ գործունեության ապահովումը պետության գերակայություններից է, ես պատրաստ եմ լսել յուրաքանչյուր մտահոգություն»,- ասաց նախարարը:

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/17/NGO/1934597