Վարդան Ղուկասյանն ու իր որդին կրկին սկանդալի կիզակետում. ծեծել են Գյումրիում հայտնի մարզիչին
Օրեր առաջ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ իր որդի Սպարտակի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով` սկանդալն սկսվել է Գյումրիում գտնվող «Հրաշքների աշխարհ» մանկական սրճարանից: Ըստ Գյումրիի մեր աղբյուրների` Սպարտակն ընկերոջ հետ վիճաբանության է բռնվել այս սրճարանում մի խումբ տղաների հետ, որից հետո այն շարունակվել է դրսում: Սպարտակն իր ընկեր Պատվականի հետ մահակներով ծեծի են ենթարկել Նորայր անունով մի տղայի, ով գազալցակայանում է աշխատում, եւ «Օլիմպիական Հայաստան» մարզական միության մարզիչ Գարիկ Բաղդասարյանին:
Սակայն բանը սրանով չի ավարտվել. Ղուկասյանների հակառակորդները որոշել են նրանց արժանի հակահարված տալ: Նույն օրը երեկոյան Գարիկ Բաղդասարյանը որոշել է հաշվեհարդար տեսնել եւ գնացել է Վարդան Ղուկասյանի գրասենյակ, որը գտնվում է նախկին դատարանի տարածքում:
Այստեղ արդեն վիճաբանությունը շարունակվել է Վարդան Ղուկասյանի թիկնապահների հետ, որի ժամանակ թիկնապահները ծեծի են ենթարկել մարզիչին: Դեպքին մասնակից են եղել նաեւ Արթուր եւ Կոլյա անունով երիտասարդներ, որոնց նկատմամբ էլ հաշվեհարդար են տեսել Վարդան ու Սպարտակ Ղուկասյանները:
Ոստիկանությունից այս միջադեպի առնչությամբ հայտնեցին միայն, որ փետրվարի 11-ին միջադեպ է եղել, քննություն է կատարվում, մանրամասները պարզվում են: Մասնակիցների վերաբերյալ տեղեկություն դեռեւս չեն հայտնում: