ԲՀԿ-ական առեւտրականին առեւանգելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Առեւանգել էին ԲՀԿ-ական ակտիվիստին
Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երեւանի բնակիչ Արտակ Խաչատրյանին առեւանգելու դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015թ. փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, բռնության գործադրմամբ, Երեւան քաղաքի Տոլստոյ փողոցում գտնվող «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքից առեւանգել են Արտակ Խաչատրյանին:
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ` քննիչի կողմից քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը եւ շրջանակը պարզելու ուղղությամբ:
Արտակ Խաչատրյանին առեւանգել են փետրվարի 7-ի առավոտյան Տոլստոյի փողոցից։ Ըստ ականատեսների՝ առեւանգողները եղել են 3 դիմակավորված եւ զինված անձինք, որոնք ձեռներեցին տարել էին անհայտ ուղղությամբ:
Խաչատրյանը «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարող «Կասեցում» նախաձեռնության անդամ է: