Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 33-ամյա ՀԿԳ ավագ քննիչը Mercedes-ով բախվել է հաստաբուն ծառին. դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները.
Այսօր՝ փետրվարի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Արարատի մարզի Բերգանուշ գյուղի բնակիչ, 33-ամյա Վահե Ավետիսյանը Բերգանուշ-Արտաշատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 06 VV 707 համարանիշի ավտոմեքենայով բախվել է հաստաբուն ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Ավետիսյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ հրամանատար Արմեն Միքայելյանի և տեղակալ Լևոն Միրզոյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատաի տեղակալ Սասուն Սարգսյանի, վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ՝ մարզի քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանի և Արտաշատի քննչական բաժնի պետ Արտակ Ստեփանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Արտաշատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2016/02/15/77104/