Մահացած նորածինն ունեցել է ուղեղի այտուց եւ ողնաշարի կոտրվածք. հայտնի է եզրակացությունը
Արտաշատի բժշկական կենտրոնից հունվարի 30-ին ծայրահեղ ծանր վիճակում Երեւան տեղափոխված եւ 7 օր անց մահացած նորածինն ունեցել է ուղեղի այտուց եւ ողնաշարի կոտրվածք: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց մահացած երեխայի հայրը՝ Մակար Անտոնյանը:
«Դատաբժիշկն է նման եզրակացություն տվել: Ես արդեն ոստիկանություն հաղորդում եմ տվել, ինչպես նաեւ դատաբժշկի փորձաքննության եզրակացությունն եմ ներկայացնելու ոստիկանությանը»,- ասաց Մակար Անտոնյանը:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Այգեստան համայնքի բնակչուհի 30-ամյա Սիմա Եփրեմյանը ծննդաբերել է 2016թ. հունվարի 30-ին: Երեխային նույն օրը տեղափոխվել է Երեւան, իսկ 7 օր անց մահացել: Նորածնի հայրը՝ Մակար Անտոնյանը, պնդում է, որ երեխայի մահվան պատճառը բժշկական սխալն է եղել: Հոր խոսքով, բժիշկները տեղյակ են եղել, որ պտղի դիրքը տոտիկային է եղել եւ պետք էր կեսարյան հատում անել, սակայն հերթապահ բժիշկն այլ որոշում է կայացնում:
«Արտաշատի հիվանդանոցի բժիշկները երեխուս կյանքը կերան: Ամսի 30-ին ծնվել է երեխաս, ժամեր անց Երեւան ենք տեղափոխել եւ 7 օր անց տղաս մահացավ… պորտալարն էր փաթաթված, գլխուղեղի վնասվածք էր ստացել եւ ամբողջը բժիշկների պատճառով»,- ասել էր Մակար Անտոնյանը: