Չեխիայի հայ համայնքն ակտիվացնում է ջանքերը Հայոց ցեղասպանության, Արցախի հարցերի հետ կապված
Չեխիայում հայկական համայնքն առաջիկայում կակտիվացնի ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի հարցերի հետ կապված: Այս մասին տեղեկացրեց «Ուրարտու հայ չեխական միության» նախագահ Ալեքսանդր Սարգսյանը` ընդգծելով, որ աշխատում են տարբեր պատգամավորների հետ և խորհրդարանում աջակիցներ ունեն: «Մենք փորձում ենք նաև գտնել կոնկրետ մարդկանց, ովքեր ավելի ազդեցիկ են Չեխիայի կառավարությունում և, առիթն օգտագործելով, կրկին բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը: 2015 թվականին բավական ակտիվ աշխատեցինք: Խոշոր միջոցառումներ կազմակերպվեցին, 2500 հայ երթով գնաց դեպի նախագահի նստավայր»,-ասաց Ալեքսանդր Սարգսյանն` ավելացնելով, որ ակտիվ աշխատում են նաև այլ ազգային փոքրամասնությունների հետ:
Ալեքսանդր Սարգսյանը ներկայացրեց նաև մի ծրագիր, որի շրջանակում Չեխիայի կրթական հաստատություններում անցկացվում են դասընթացներ Հայոց ցեղասպանության մասին: Այդ գործընթացը Չեխիայում սկսվել է դեռևս 2008-2009 թվականներին: Սկզբում մեկ գրաֆիկական դպրոցում երկու տարի շարունակ երրորդ, չորրորդ կուրսերում երկու ամիս Հայոց ցեղասպանության մասին դասընթաց է անցկացվել: Այնուհետև ուսանողները Հայոց ցեղասպանություն թեմայով աշխատանքներ են ներկայացրել: Հետագայում կազմակերպվել են Հայաստանի ու Չեխիայի ուսանողների փոխայցեր:
Ալեքսանդր Սարգսյանի տեղեկացմամբ, հետագայում Կրթության և գիտության նախարարությունը տվեց համաձայնություն դպրոցների ուսուցիչներին վերապատրաստելու, որպեսզի պատմության առարկայի դասավանդման ժամանակ ներկայացվի նաև Հայոց ցեղասպանության պատմությունը: Այժմ էլ կատարվում է դպրոցների ուսուցիչների վերապատրաստում, մասնակիցներին տրվում է մեթոդական ձեռնարկ: «Իհարկե, այդ դասընթացը դպրոցներում կամավորության սկզբունքով է արվում, բայց հիմա ձգտում ենք հասնել նրան, որ Հայոց ցեղասպանության թեման արդեն դասագրքի մեջ ներառվի»,-ավելացրեց Ալեքսանդր Սարգսյանը:
Նրա տեղեկացմամբ` Գերմանիայում մարտի 4-6-ը կայանալու է Եվրոպայի հայերի միության կոնֆերանսը: «Բոլորս այնտեղ պետք է հավաքվենք և հստակեցնենք ոչ միայն Չեխիայում, այլև մյուս եվրոպական երկրներում հայկական համայնքի աշխատանքները համակարգելու հարցը: Կարևոր է` Հայոց ցեղասպանության հարցի կողքին դնել նաև Արցախի հարցը: Այն ավելի հրատապ է դարձել, շատ ցավալի է, երբ պարբերաբար սահմանին զինվորներ են զոհվում: Այս ամենից բացի, օրակարգւմ դրված է հարց, ինչպես անել, որ Եվրոպայի հայերի միությունն ավելի ամուր դառնա»,-ասաց Ալեքսանդր Սարգսյանը:
Աղբյուրը` http://nyut.am/?p=104727&l=am