Կառավարությունը հետ է վերցնում մարզահամերգային համալիրը. Վճարումներ չեն կատարվել
Պաշտպանության նախարարությունն օրինագիծ է ներկայացրել կառավարություն, որով առաջարկում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 2015-ի օգոստոսի 13-ի «ՀՀ ՊՆ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված եւ ՀՀ կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու եւ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը լուծարելու մասին» որոշումը:
Նախագծի համաձայն, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում պաշտպանության նախարարը պետք է լուծի «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ի հետ 2015-ի սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:
Որոշմանը կից տեղեկանքում նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին կայացած կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Մարզահամերգային համալիրը 30 մլն դոլարով վաճառվում է «Նտաա ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին: Վերջինս պարտավորվում է 4 տարվա ընթացքում համալիրի տարածքում ստեղծել զվարճանքի կենտրոն, այդ թվում խաղատուն, հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ:
Այս որոշումը բուռն հակազդեցություն էր առաջացրել հասարակության շրջանում: