Գյումրու տնակներում բնակվող ընտանիքներով հետաքրքրվել են BBC-ն, CNN-ն ու Euronews-ը
Սպիտակի երկրաշարժից արդեն 27 տարի է անցել, բայց դեռ կան 2700 անօթևան ընտանիքներ: Հայաստանը աղետի հետևանքների վերացման ծրագիրը դանդաղ իրականացնող երկրներից է:
Լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի լուսանկարներում պատկերված են Գյումրու անօթևան ընտանիքները, և այդ նկարները տեղ են գտել National Geographic-ի էջերում: Բայց երկրաշարժի 27-րդ տարելիցին նա որոշեց բարեգործական դրամահավաք կազմակերպել բրիտանական Crowdfunder կայքում և մոբիլիզացնել հանրության ջանքերը:
«Մենք որոշեցինք, որ անպայման պետք է սկսել համալիր ծրագիր` խնդրին լուծում տալու համար: Նախաձեռնության նպատակը հետևյալն է. եթե 120.000 հայ մեկական ֆունտ նվիրաբերի բարեգործական դրամահավաքին, Գյումրիում ծայրահեղ ծանր պայմաններում ապրող 13 անօթևան ընտանիքներ կունենան նոր տներ»,- «Արմենպրես»-ին հայտնել է նախագծի համակարգող և համահեղինակ Արեն Մկրտչյանը:
«Սա ընդհանուր նախագիծ է, որով հետաքրքրված են միջազգային լրատվամիջոցները: Մեզ հետ կապվել են BBC-ից, CNN-ից, Euronews-ից և ուզում են խոսել այս թեմայով, օրերս Al Jazeera-ն ուղիղ եթերով ցուցադրել է անօթևան ընտանիքներն ու հետո անգամ ցանկություն հայտնել լուսանկարչական շարք պատրաստել»,- նշել է Հայկ Բարսեղյանը:
Ծրագրի կազմակերպիչները փորձում են խնդրի մասին բարձրաձայնել հիմնականում Հայաստանի սահմաններից դուրս` ԶԼՄ-ների կամ հայ անվանի մարդկանց միջոցով: Մոտ 18-20 օրվա ընթացքում հավաքվել է շուրջ 8500 ֆունտ ստեռլինգ: Կա բարեգործական միջոցառումների համալիր ծրագիր. բացի ընթացիկ դրամահավաքից մոտ օրերս կկազմակերպվի բարեգործական աճուրդ, ուր վաճառքի կհանվեն հայ անվանի մարդկանց անձնական իրեր, որոնք մեծ մասամբ իրենք են նվիրաբերել, դրամահավաք Հյուսիսային պողոտայում, ամենայն հավանականությամբ, նաև բարեգործական խաղ մշակույթի և սպորտի անվանի գործիչներ ի ու ՖԱՖ շարժման անդամների միջև:
Դրամահավաքի պայմաններից մեկն այն է, որ եթե չհավաքվի 120.000 ֆունտ, բարեգործության մասնակիցներին կվերադարձվի իրենց նվիրաբերած գումարը: Ինչպես նշել է Արեն Մկրտչյանը, դա արվել է, որպեսզի մարդկանց շահագրգռեն հավաքել ողջ գումարը: Դրամահավաքի վերջնաժամկետը մարտի 15-ն է, բայց նրանք crowdfunder կայքի հետ բանակցում են` երկարացնելու ժամկետը:
«Եթե չհավաքվի 120.000 ֆունտ, մենք կավելացնենք միջոցառումների ընթացքում հավաքված կանխիկ գումարը, որպեսզի փորձենք լրացնել այդ թիվը: Ծայրահեղ դեպքում կփորձենք մարդկանց օգտակար լինել այդ գումարով»,- ավելացրել է լուսանկարիչը: Նախագծի թափանցիկությունն ապահովելու համար դրամահավաքի վերջում կհրապարակվեն բանկային տվյալները, թե ինչի վրա որքան գումար է ծախսվել:
Պետական մակարդակով ոչ մի արձագանք չի եղել՝ բացի Գյումրու քաղաքապետից, ում հետ էլ Բարսեղյանը զրուցել է: «Անկախ մեր նախաձեռնությունից` Գյումրու քաղաքապետարանը պլանավորել է դրամահավաքի իր ծրագիրը, որը ես շատ եմ հավանել: Բոլորիս նպատակը նույնն է՝ օգնել անօթևան ընտանիքներին: Հետևաբար` մենք աշխատում ենք համագործակցել դրան հասնելու համար: Շատերը մոռանում են, որ տարիների ընթացքում ընտանիքները մեծացել են, և այժմ այդ կիսաքանդ տնակներում ավելի շատ մարդ է ապրում, քան 27 տարի առաջ»,- նշել են կազմակերպիչները:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/10/croudfunding/1927512