Աշոտյանը մրցանակներ է հանձնել «Լավագույն ուսանող» մրցույթի 39 հաղթողներին
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մրցանակներ է հանձնել «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներին:
Ողջունելով մրցույթի հաղթողներին ՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ մրցույթն իրականացվում է Հայաստանի գրեթե բոլոր բուհերում: Այս տարի հաղթող են ճանաչվել մարզերի եւ մայրաքաղաքի 18 բուհերի 39 ուսանողներ.
«Ամեն մի բուհ իր չափանիշներով էր ընտրում լավագույն ուսանողներին: 3 տարի առաջ ԿԳՆ-ն, կարեւորելով լավագույն ուսանողների բացահայտման եւ խրախուսման գործը, նախաձեռնեց «Լավագույն ուսանող» հանրապետական մրցանակաբաշխությունը, որին մասնակցում են տարբեր բուհերի լավագույն ուսանողները»,- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը՝ ընդգծելով, որ մրցույթի արդյունքները ցույց են տալիս երկրին եւ հասարակությանը, թե ովքեր են այսօրվա հերոսները. «Շատ ուրախ եմ, որ 100 հազար ուսանողների մեջ կարողացանք ընտրել այն 39-ին, ովքեր ճանաչվել են լավագույն ուսանող: Հաղթողներն ավելի համառ, հետեւողական, նաեւ խիզախ եւ համարձակ են եղել, երբ դիմել են այս մրցույթին: Կարծում եմ, որ նրանց օրինակը պետք է ոգեւորող լինի հայ երիտասարդության համար»,-նշել է նախարարը:
«Լավագույն ուսանող» մրցույթն իրականացվում է 2013 թվականից ՝ ըստ հետեւյալ ոլորտների՝ բնագիտական, բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն, ճարտարագիտություն, մշակույթ-սպորտ եւ հայագիտություն:
Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական եւ հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:
Մրցույթի ներբուհական փուլը կազմակերպում են բուհերը: Մրցութային հանձնաժողովի կազմը հաստատում է ռեկտորը, որի մեջ ընդգրկվում են՝ ֆակուլկտետի դեկաններ, ամբիոնի վարիչներ, գիտական խորհրդի, ռեկտորատի, ուսանողական խորհրդի եւ ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներ: Մինչեւ հոկտեմբերի 20-ը բուհերը ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն են ներկայացնում ըստ վերոնշյալ ոլորտների եւ կրթական ծրագրերի մեկական հաղթողների տվյալներ:
Երկրորդ փուլում մրցութային հանձնաժողովը հաստատում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարը, որի կազմի մեջ ընդգրկվում են՝ 3 ներկայացուցիչ նախարարությունից, 3 բուհերի ուսանողներից, 4 բուհերի մրցույթի կազմակերպիչներից եւ 1 Հայաստանի երիտասարդական հիմնադրամից: Հանձնաժողովը մինչեւ դեկտեմբերի 10-ը յուրաքանչյուր ոլորտում որոշում է 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերի հաղթողներին: Հղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորների արդյունքներով: Հավասար միավորների դեպքում հաշվի է առնվում ուսանողի առաջադիմությունը:
2015 թ. մրցույթում ըստ ոլորտների հաղթող ճանաչված ուսանողները համապատասխանաբար պարգեւատրվել են հավաստագրերով եւ մեկանգամյա անվանական կրթաթոշակներով. 1-ին տեղ՝ 440 հազար դրամ, 2-րդ տեղ` 228.5 հազար դրամ, 3-րդ տեղ՝ 200 հազար դրամ: