Ուզունյանը հրաժարականի դիմո՞ւմ է գրել

ae0c4dd12f47b8ad37dd214f4d281869

 

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի անակնկալ արձակուրդ մեկնելու, ապա՝ անհետացման ու քննարկվող պաշտոնանկության շուրջ բարձրացած աղմուկը կարծես չի դադարում: Մի քանի օր է՝ տարբեր շրջանակներից մեզ տեղեկություններ են հասնում, որ Ուզունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Սկզբից նշում էին, թե Ուզունյանը առհասարակ դատավորի պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել, սակայն հետո ասացին, որ նա դիմել է Արդարադատության խորհրդին՝ ցանկանալով հրաժարվել դատարանի նախագահի պաշտոնից եւ փոխարենը շարունակել աշխատել այդ դատարանում որպես շարքային դատավոր: Ի դեպ, ոչ վաղ անցյալում նման կերպ վարվեց նաեւ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը:

Մեկի պաշտոնի իջեցումը, մյուսի՝ արձակուրդ-անհետացումը, եղավ միաժամանակ, այս զարգացումների շուրջ մի քանի վարկածներ շրջանառվեցին: Օրինակ՝ ասում են, թե ինչ-որ գործով Ս. Ուզունյանն ու Տ. Սահակյանը մի բան այն չեն արել, հենց դա էլ դարձել է ճակատագրական։ Այնքան, որ Ուզունյանին կանչել ու ասել են՝ դիմումդ գրի գնա, իսկ վերջինս ընդամենը արձակուրդ գնալու դիմում է գրել ու անհետացել, իսկ Տիգրան Սահակյանին էլ համաձայնել են պահել նույն դատարանում՝ դատավորի կարգավիճակով: Իսկ «վրիպումի» մասով արտահոսքը կազմակերպել է Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) որդին՝ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը: Նա, ի դեպ, լարված հարաբերություններ ունի Ուզունյանի հետ, եւ այժմ չի բացառվում, որ վերջինիս պաշտոնանկությունից հետո դառնա դատարանի նախագահ:

Իսկ Տիգրան Սահակյանի պաշտոնը, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, կզբաղեցնի վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին: Այժմ վերադառնանք Ուզունյանին: Թեեւ նա արձակուրդի մեջ պետք է լիներ մինչեւ մարտի 17-ը, սակայն տեղեկացանք, որ վաղաժամ վերադարձել է, ավելին՝ հասցրել հարցազրույց տալ «Ժողովուրդ» թերթին, սակայն այդպես էլ լույս չսփռել իր պաշտոնանկության մասին լուրերին: «Բուժման նպատակով դուրս եմ գալիս (արտերկիր մեկնում) ինձ խաբար են անում, թե ինձ համակարգն է փնտրում։ Ի սեր Աստծո, Ուզունյանին փնտրել պետք չէ, Ուզունյանը իր տեղում է»,– ասել է դատավորը։ Իսկ այն հարցին, թե ինքն ի՞նչ «սխալ» է արել, որի համար իրեն ցանկանում են ազատել, պատասխանել է. «Բացարձակ, մենք պրոմխներ տվող մարդիկ չենք, պրոմխ են տվել նրանք, որոնք նման տեղեկություններ են տարածել»: Ի դեպ, Ուզունյանի հրաժարականի մասով մեզ հասած տեղեկությունները փորձեցինք ճշտել դատական դեպարտամենտից, սակայն մեզ հայտնեցին, որ որեւէ տեղեկություն չունեն:

Նյութի աղբյուրը ` hraparak.am