Հոգեբուժարանից փախած եւ վրաերթի ենթարկված երիտասարդի վիճակը բավարար է
Երեւանի «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայից փետրվարի 1-ին փախուստի դիմած, ապա վրաերթի ենթարկված 19-ամյա Վարդան Մելյանի վիճակը բավարար է: Այս մասինNEWS.am-ի թղթակցին հայտնեցին հոգեբուժական կլինիկայից՝ նշելով, որ Մելյանն այժմ բուժում է ստանում «Հերացի» №1 հիվանդանոցային համալիրում:
«Վարդան Մելյանն արդեն 1,5 տարի բուժում է՝ ստանում է մեզ մոտ: Չգիտենք՝ ինչու է փախուստի դիմել: Ենթադրում ենք, որ կամ հարազատներին էր կարոտել, կամ էլ ցանկանում էր ազատության մեջ լինել»,- հայտնեցին կլինիկայից:
Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. փետրվարի 3-ին ժամը 22.35-ի սահմաններում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 40-րդ կմ-ի հատվածում՝ Սեւան ընթանալիս, վրաերթի էր ենթարկել անձը չպարզված տղամարդու, որն անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 4-ին պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը 19-ամյա Վարդան Մելյանն է, որը փետրվարի 1-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր որպես հասարակական վտանգավոր ճանաչված եւ առողջապահության հատուկ հիմնարկներից փախուստի դիմած անձ: