Ամբողջ գյուղն է կասկածյալ. Արագածավանի գյուղապետը` 2 անձի սպանության եւ հրկիզումների մասին
Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում, որտեղ փետրվարի 3–ի ուշ գիշերը երկու մարդու սպանություն եւ հրկիզումներ էին տեղի ունեցել, մթնոլորտն արդեն հանդարտվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը՝ հավելելով, որ նույնիսկ ողբերգությանը հաջորդած առավոտյան գյուղում որեւէ լարվածություն չի նկատվել։
«Ինչի՞ց եք ենթադրել, որ լարված է եղել մեզ մոտ երեկ։ Չգիտեմ՝ ինչու են նմանատիպ հայտարարություններով հանդես գալիս, ժողովրդին պանիկայի մեջ են պահում։ Ոստիկաններն այստեղ են, շրջում են, ոչ մի միջադեպ, ոչ մի խոսակցություն նույնիսկ չի եղել, ոչ մի կռիվ, ակտիվություն չի նկատվել»,–ասաց գյուղապետը։
Մինչդեռ Արագածավան մեկնած NEWS.am–ի նկարահանող խումբը ֆիքսել էր՝ գյուղ մտնող մեքենաները ստուգվում էին, սպանության եւ հրկիզումների դեպքերի վայրերը հսկում էին ոստիկանները, իսկ գյուղացիները նշում էին, որ գիշերը իսկական «սոդոմ–գոմոր» է տիրել գյուղում, որը վստահ են՝ որոշ ժամանակ անց կկրկնվի, քանի որ սպանված Խամոյանի հարազատները վրիժառությամբ են լցված եւ կարող են վնասել ցանկացածի, ով որեւէ առնչություն ունի սպանության մեջ կասկածվող Սեդրակ Ղազարյանի հետ։
«Ինչ–որ մի գյուղացի իր համար վախեցել է, էդ չի կարելի լրիվ գյուղի վրա տարածել։ Մենք ստեղ զօրուգիշեր նստած ենք, ոստիկանները արդարաբար իրենց աշխատանքը կատարում են։ Լարվածություն եղել է, բայց անցել է, հիմա գյուղը հանգիստ է, որեւէ անհանգստության պատճառ չկա»,–ասաց գյուղապետը։
Անդրադառնալով արագածավանցիների այն պնդումներին, թե վիճաբանության ընթացքում հրազենային վնասվածք ստացած, ապա մահացած Արտյոմ Խամոյանի, Վարդգես Գալստյանի եւ որովայնի շրջանում կոտորակային վնասվածքներ ստացած Արման Խամոյանի հարազատները դեպքից հետո վրեժխնդրությունից դրդված սկսել են այրել սպանության կասկածանքով ձերբակալված 35–ամյա Սեդրակ Ղազարյանի ընկերների ավտոմեքենաները, հացի փուռը, անասնագոմը, Պապիկյանը նշեց, որ հրկիզումների առնչությամբ կասկածյալներ դեռեւս չկան։
«Ամբողջ գյուղն է կասկածյալ, գյուղում հրկիզում է կատարվել։ Պետք է կոնկրետացվի, թե ուրիշի գույքը վնասելու համար ով պետք է պատասխանատվություն կրի, բայց դեռ չկա մեկը, որը կարող է մեղադրվել այդ արարքում։ Ինձ ասեք, թե ով է նման հայտարարություն արել, որ մահացածների հարազատներն են հրկիզումներ արել, գնամ, ականջը կտրեմ, տենց հայտարարություն ո՞վ կարող է անել։ Եկեք համբերենք, հենց ստույգ տվյալներ լինեն, ժողովրդին կիրազեկենք»,–ասաց գյուղապետը։
Հիշեցնենք, որ 2016թ. փետրվարի 3-ին ուշ երեկոյան Արագածավանում սպանվել էին 40-ամյա Արտյոմ Խամոյանն ու 49-ամյա Վարդգես Պետրոսյանը, իսկ Արտյոմ Խամոյանի եղբայրը՝ Արման Խամոյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն գյուղի բնակիչ Սեդրակ Ղազարյանը:
Ըստ հարեւանների՝ Խամոյանների եւ Ղազարյանների թշնամությունը վաղեմի պատմություն ունի։ Վերջին տարիներին Խամոյանների խոտի դեզը երկու անգամ այրվել է, ինչի մեջ նրանք մեղադրել են Ղազարյաններին։
Հարեւանների պատմելով՝ Խամոյանները ալկոհոլի ազդեցության տակ հիշելով խոտի դեզն այրելու պատմությունը, գնացել են Ղազարյանի տուն, ապա վեճ է սկսվել, որից հետո Ղազարյանը հրացանով կրակ է արձակել Խամոյան եղբայրների եւ նրանց զանգով օգնության հասած համագյուղացիների ուղղությամբ։
Դեպքից հետո, գյուղացիների խոսքով, սպանվածների հարազատները, վրեժխնդրությունից դրդված, գիշերը այրել են վեճին մասնակցած` Ղազարյանի ընկերներին պատկանող գույքը՝ հացի փուռ, երեք ավտոմեքենա, խոտի դեզ։
Ողբերգության շարունակությունը կանխելու նպատակով դեպքից հետո Արագածավանում ուժեղացված հսկողություն են իրականացնում ոստիկանական ուժերը։ Գյուղ մտնող բոլոր մեքենաները ստուգվում են։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ վիճաբանության հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ: