ՕԵԿ-ը պաշտպանելու է ՄԻՊ պաշտոնում Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը
ՕԵԿ խմբակցությունը պաշտպանելու է ՄԻՊ պաշտոնում Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա ընդգծեց, թե Փոստանջյանը սկզբունքային քաղաքական գործիչ է, զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ և բավական լավ մասնագետ է: ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ մտահոգություն հայտնեց վարկային համաձայնագրերի վերաբերյալ:
Նա ընդգծեց, թե Հայաստանը ծերացող երկիր է, իսկ թե 10 կամ 15 տարի հետո ո՞վ է աշխատելու և փակելու վակերը, հայտնի չէ: «Վարկեր կան, որոնք անվտանգության համար են, վարկեր կան, որոնք երկրում փող բերելու համար են: Մեզ համար կարևորագույն հիմնահարցը վերադարձելիության հարցն է: Ինչպե՞ս, ի՞նչ տնտեսական վիճակում, լրջագույն տնտեսական հարց է»,- շեշտեց պատգամավորը: Շարունակելով թեման` Հովհաննես Մարգարյանն ընդգծեց, որ մինչև այս վերցված վարկերից շատերը փոշիացվել են, շորթվել, ինչն անընդունելի է: Նա անընդունելի համարեց պարտք` գրավի դիմաց սկզբունքն` ասելով, թե եթե այս տեմպերով շարունակվի, Հայաստանը պարտքի դիմաց կհանձնի Սևանը, իսկ մարդիկ կդառնան գրավի առարկա:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am