Վեց հոգի դուբինկայով ծեծում էին. 16-ամյա աղջկան սպանելու համար դատապարտվածը պատմում է՝ ինչ բռնության է ենթարկվել
Վարդենիսում 16-ամյա աղջկա սպանության համար տարիներ առաջ դատապարտված ու պատիժը կրած Բագրատ Նալբանդյանը պնդում է, որ ոստիկանությունում իրեն ուշագնացության աստիճանի ծեծել էին ու ստիպել ստորագրել ինքնախոստովանական ցուցմունքի տակ: Բագրատ Նալբանդյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրեն էլ, նույն գործով 12 տարով ազատազրկված իր կնոջն էլ դատապարտել են միայն ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա:
«Ինձ տարել, պահել են, վեց հոգի դուբինկայով ծեծել են: Ադյալ գցին վրես մինչեւ ուշաթափ լինելս, հաց ու ջուր չտվեցին: Ասում էին՝ երեխեքիդ կբերենք, էս կանենք, էն կանենք, ասա, որ դու ես արել: Հետո մնացել եմ առանձին վարչական կամեռում, դրանից հետո էլ բերդ են բերել ու էդտեղ իմացա, ասեցին՝ ստորագրել ես, որ դու ես արել սպանությունը»,- պատմեց նա:
Բագրատ Նալբանդյանը պատմեց տարիներ առաջ տեղի ունեցածի իրենց վարկածը: Նրա խոսքով՝ իրեն ձերբակալելու օրը ոստիկաններ են եկել, իրենից բահ ուզել, ապա փորել իրենց տնից 100 մետր հեռու գտնվող հորն ու այնտեղից դիակ հանել, իրեն էլ ասել, որ ոչ ոքի չասի այդ մասին:
«Ոստիկաններ եկան, ինձնից բահ ուզեցին, բահը տվեցի իրանց: Գնացին հորը բացեցին, մեկը նայում էր, ասում էր՝ այ, հեսա դիակը, այ, ոնց որ գլուխը երեւում ա: Հետո, էդտեղ մի հատ ձող կար, մոտեցրին, դիակը բարձրացավ: Հանեցին, ինձ ասեցին՝ ոչ մեկի չասես, ես վատացա, եկա տուն, դրանից հինգ րոպե է չանցավ, ինձ ոստիկաններն եկան ու ասեցին՝ պետը կանչում ա, պիտի գնանք բաժին, ու տարան միանգամից Գավառ»,- պատմեց Բագրատ Նալբանդյանը:
Բագրատ Նալբանդյանի խոսքով՝ իրեն ու կնոջը դատապարտել են միայն ծեծով վերցրած ինքնախոստովական ցուցմունքների վրա, իրենց տնից արյան հետք են հայտնաբերել, որը պատկանելլ է իրեն ու խալու վրա է հայտնվել դրանից մեկ տարի առաջ՝ սացած վիրավորումի հետեւանքով:
Բագրատ Նալբանդյանը նշեց, որ մինչեւ հիմա իրենց համար պարզ չէ, թե ինչն է եղել 16-ամյա Սյուզաննայի մահվան պատճառը: Նրա խոսքով՝ ինքը աղջկան իմացել է որպես իր դստեր համադասարանցի: Դեպքից առաջ 10 օր անհետ կորած համարվող աղջկան, ըստ Բագրատ Նալբանդյանի, ականատեսների պատմելով՝ փախցրել են, իսկ մնացածի մասին նա նշեց, որ տեղյակ չի:
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2015թ. դատավճռով հաստատվել է, որ խախտվել են ամուսինների իրավունքները, եւ Վճռաբեկ դատարանը գործի վերաբացման վարույթ է սկսել, գործը շուտով կվերաբացվի: Բացի այդ՝ ՄԻԵԴ-ը վճռով Հայաստանի հանրապետությանը պարտավորեցրել էր 62 հազար եվրո փոխհատուցում վճարել ամուսիններին: Նալբանդյանների ընտանիքը ստացել է փոխհատուցումը:
Ըստ մեղադրական եզրակացության` 2004թ. անչափահաս Սյուզաննա Սարգսյանը գնացել էր իր համադասարանցու տուն, որտեղ, վիճելով նրա մոր` Նարինե Նալբանդյանի հետ, ապակե շշով դեմքին մի քանի հարված էր ստացել: Ամուսինները մետաղալարով կապել էին ուշագնաց 16-ամյա Սյուզաննայի ձեռքերը, փակել բերանը, 5-6 ժամ թողել էին խոհանոցում, ապա, նրան կեսգիշերին նետել իրենց տնից ոչ հեռու գտնվող մազութի հորը, որտեղ էլ Սյուզաննան մահացել էր:
2005-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեղադրանքով Նարինե Նալբանդյանին դատապարտել էր 14, Բագրատ Նալբանդյանին՝ 9 տարվա ազատազրկման: Հայաստանի դատական ատյանները նույնն էին թողել վճիռը: Ամուսինների փաստաբանը դիմել էր ՄԻԵԴ 2006 թ.: 2015թ. ՄԻԵԴ-ը կայացրել է որոշում: