Մանկավարժական համալսարանը ՊՈԱԿ-ից վերածվեց հիմնադրամի
Երևանի «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կառավարության որոշմամբ վերակազմավորվեց «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի:
Այս որոշումն այսօր ընդունվեց կառավարության հերթական նիստում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ կարգավիճակի փոփոխությունը կնպաստի համալսարանի միջազգային համագործակցության զարգացմանը, ուսման որակի բարձրացմանը, կառավարման հետագա կատարելագործմանը և հնարավորություն կտա ընդլայնել ակադեմիական ազատությունն ու ինքնավարությունը:
«Համալսարանի այսօրվա կազմակերպաիրավական կարգավիճակը հնարավորություն չի ընձեռնում ընդլայնել ձեռնարկատիրական գործունեության տեսակները և ծավալները»,-ասաց նախարարը՝ հավելելով. «Խնդրի լուծման դժվարությունն այն է, որ համալսարանի ֆինանսական սահմանափակ միջոցները հնարավորություն չեն տալիս զգալի նախնական ներդրում պահանջող նշված բնագավառներում ապահովել շոշափելի զարգացում, իսկ համալսարանի կարգավիճակը հնարավորություն չի տալիս սահմանված կարգով ներգրավելու արտաքին ներդրողների: Հարցն ավելի արդիական է դառնում այսօրվա դրությամբ ՀՀ բուհերում ուսանողների թվի նվազեցման պարագայում»: