Դաբաղ հիվանդությունն այն բարդության հիվանդություն չէ եւ չարժեր այսքան աղմուկ բարձրացնել. Լեռնիկ Ալեքսանյան
Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ խոշոր եղջրավորների դաբաղ հիվանդությունն այն բարդության հիվանդություն չէ, որի հետ կապված այսքան աղմուկ կարելի էր բարձրացնել: Այս մասին այսօր` փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա` նշելով, որ այդ հիվանդությունը կարելի էր կանխել եւ այդ հարցում թերացում է եղել:
«Դաբաղ հիվանդությունը չի կանխվել, բայց կարծում եմ, որ կկանխվի: Բայց այս խնդիրն այնքան խորքային չէր, որին արժեր այսքան հնչեղույթուն տալ: Դրա տարածումը կարելի էր շատ արագ կանխել եւ այդ սանկցիաները վերացնել»,-ասաց պատգամավորը:
ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ նշեց, որ խոշոր եղջրավորների դաբաղ հիվանդությունը հնարավոր էր կանխել, եթե աշնանա կանխարգելող քայլեր ձեռնարկվեին:
«Մենք լռում ենք, փորձում ենք կեղտը ձյան տակ թաքցնել, որի համար հետո ավելի թանկ ենք վճարում: Գիտենք ֆերմաներ, որտեղ անասուններ են սատկել, եկավ հասավ նրան, որ մի քանի դեպքի մասին բարձրաձայնվեց եւ արգելեցին կաթնամթերքի ո մսամթերքի արտահանում: Պետք էր դրա մասին աշնանաը մտածել եւ կանխարգելել, որ բանը սրան չհասներ»,-ասաց նա:
Նշենք, որ ըստ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը հունվարի 20-ից ժամանակավոր արգելք է մտցրել դաբաղ հիվանդությանն ընկալունակ կենդանի կենդանիների՝ խոզերի, խոշոր և մանր կենդանիների, դրանց գենետիկ նյութի և մսի, վերամշակում չանցած ենթամթերքի, ինչպես նաև ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքի ու տվյալ կենդանիների հումքի՝ Հայաստանից Ռուսաստան ներմուծման համար:
Դեկտեմբերին Արմավիրի մարզի ՝ Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվել է կենդանիների դաբաղ հիվանդության մեկ դեպք, որի մասին էլ Հայաստանը, որպես Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ, տեղյակ է պահել կառույցին, ինչպես նաև ԵԱՏՄ գործընկերներին:
Ծառայության փոխանցմամբ, նոր տիպի դեմ պայքարող պատվաստանյութն արդեն պատվիրվել է ողջ տարվա համար:
Ռուսական ՏԱՍՍ գործակալությունն էլ հայտնում է, որ «Ռոսսելխոզնադզորը» հունվարի 20-ից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Հայաստան՝ բացատրելով դա դաբաղի համաճարակային իրավիճակով ու այդ հիվանդության՝ ՌԴ տարածք ներխուժելու բարձր հավանականությամբ: