Հրազդանի ցեմենտի գործարանին ուզում են հարկային արտոնություններ տալ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հետաքրքիր ինտրիգ է սպասվում: Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացնելու է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է «ջրել» Հրազդանի ցեմենտի գործարանի կուտակած հարկերի դիմաց գոյացած, ընդհանուր առմամբ՝ մոտ 510 միլիոն դրամ տուգանքները: Նախագծի վերաբերյալ բոլոր շահագրգիռ գերատեսչությունները դրական եզրակացություն են ներկայացրել, բացի մեկից` ՀՀ ֆինանսների նախարարությունից: Վերջինս մի քանի էջ տեքստով ներկայացրել է իր առարկությունները, հիմնավորելով, որ հարկային պարտականությունները չկատարած տնտեսվարողին տուգանքներից ազատելով, կառավարությունը փաստորեն կխրախուսի անպարտաճանաչ հարկատուներին:

Մեր տեղեկություններով, տվյալ նախագծի կողմնակից է նաեւ վարչապետը, ու սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ Հովիկ Աբրահամյան — Գագիկ Խաչատրյան լուռ, բայց սուր հակամարտությունը դուրս է գալու հրապարակային դաշտ: Խնդիրն այն է, որ եթե կառավարությունը հավանություն տա օրենքի նախագծին, ապա այն շուտով կուղարկվի Ազգային ժողով եւ խորհրդարանական մեծամասնության համար կդառնա գլխացավանք:  Նույնիսկ տեղեկություններ կան, որ այսօր առավոտյան, մինչեւ կառավարության նիստի սկսվելը հարցը կարող է հանվել օրակարգից:

Ուշագրավ է նաեւ, որ օրենքի նախագիծը պատրաստվել է ընդամենը մի քանի օր առաջ. նախագծի բացատրական մասում բերված են որոշ տվյալներ որոնք ամփոփված են այս տարվա փետրվարի 1-ով: Սովորաբար նման նախագծերը շաբաթներով կամ նույնիսկ ամիսներով շրջանառվում են գերատեսչություններում: Ինչ վերաբերում է զուտ հարկային արտոնություններին, ապա այստեղ եւս հետաքրքիր դրվագներ կան: Հրազդանի ցեմենտի գործարանը իրոք կանգնած է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ: Նրա հաշիվները արգելափակված են, ընդհանուր պարտքը կազմում է մոտ մեկ միլիարդ դրամ, գույքը գրավադրված է «ՎՏԲ Հայաստան» բանկում եւ այլն:

Սակայն գործարանի հիմնական խնդիրները ծագել են դեռ տարիներ առաջ, երբ դրա սեփականատերը ոչ անհայտ Միկա Բաղդասարովին պատկանող օֆշորային ընկերությունն էր: Գործարանը, մինչեւ այս ընկերության սեփականությունը դառնալը, մասնավորապես 1999 թվականին, արտադրել էր ավելի քան 1 միլիոն տոննա ցեմենտ: 2001 թվականին Բաղդասարովը գնեց այդ գործարանը 150 հազար դոլարով, եւ համեմատության համար նշենք, որ 2014 թվականին այստեղ արտադրվել է միայն 80 հազար տոննա ցեմենտ:

Մի փոքրիկ, նույնիսկ՝ աննշան դետալ: 2001-ին, երբ Բաղդասարովը իր օֆշորային ընկերության միջոցով 150 հազար դոլարով գնեց մեր արդյունաբերության հսկաներից այս մեկը, Կարեն ճշմարիտյանը Արդյունաբերության եւ առեւտրի նախարարն էր: Այսօր կառավարության նիստին ներկայացվելիք այս օրենքի նախագծի հեղինակը եւս Կարեն Ճշմարիտյանն է` ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Նախագծին ուղեկցող պարզաբանումներում, սակայն, բառ անգամ չկա այն մասին, թե գուցե ցեմենտի գործարանը «սկել է» ոչ արդյունավետ սեփականատիրոջ պատճառով: «Սկել է» գուցե այն պատճառով, որ գործարանը Միկային վաճառվել է, մեղմ ասած, մութ սխեմաներով: Գործարանի սնանկացման այս հիմնական եւ արմատական պատճառներին էկոնոմիկայի նախարարությունը, բնականաբար, չի անդրադառնում:

 

 

Աղբյուրը` http://armtimes.com/hy/read/78884