Գավառական մտածելակերպ է, երբ մարզերի եւ մայրաքաղաքի ծրագրերը հակադրում եք. ԱԺ փոխնախագահ

default

 

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորում է չհակադրել մարզերի եւ մայրաքաղաքի ծրագրերը, քանի որ դա գավառական ու պարզունակ մտածելակերպ է:

«Լսելով ելույթները՝ տպավորություն ես ստանում, որ եթե մարզերում վիճակը վատ է, ուրեմն մայրաքաղաքն է մեղավոր: Պետք չէ տարանջատել երեւանցի, ալավերդցի, վանաձորցի: Մայրաքաղաք Երեւանը բոլորիս աչքի լույսն է եւ պետք չէ հակադրել: Եթե մարզերում ծրագրերը վատ են աշխատում, եկեք քննարկենք, բայց ոչ թե հակադրենք Երեւանի ծրագրերին: Գավառական մտածելակերպ է, որ մայրաքաղաքի շահը հակադրում եք մարզերին: Ես հոգով-սրտով լոռեցի եմ, սակայն ես անչափ սիրում եմ իմ մայրաքաղաք Երեւանը»,- այսօր՝ փետրվարի 3-ին, խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի մասին քննարկման ժամանակ նշել է Էդուարդ Շարմազանովը:

Նա հորդորեց Կառավարության անդամներին վարկին դեմ արտահայտվող պատգամավորներին փաստերով ապացուցել, թե այս տարիների ընթացքում մարզերում ինչ ծրագրեր են իրականացվել եւ այսօր էլ իրականացվում են:

Նշենք, որ այս համաձայնագրով Ասիական զարգացման բանկը կօգնի  ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնել Հայաստանի այլ քաղաքներում: Ծրագրի արժեքը կազմում է 112 մլն 960 հազար դոլար է:

Առաջին եւ երկրորդ ծրագրերով Երեւանը շրջանցող մայրուղի է կառուցվում, որպեսզի հանրապետության հարավից հյուսիս կամ կառուցվող Հյուսիս-Հարավ մայրուղով տարանցմամբ Իրանից Վրաստան ուղեւորվող ծանր բեռնատարները ստիպված չլինեն մայրաքաղաք մտնել:

Ծրագրի 3-րդ տրանշը նախատեսում է ճանապարհային նախագծերի իրականացում հանրապետության այլ քաղաքներում: Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկն արդեն ընտրում են քաղաքները՝ նախագծման աշխատանքներ սկսելու համար: