ՀՀԿ-ն դեմ չէ Զարուհի Փոստանջյանի թեկնածության առաջադրմանը

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի բացառում, որ Մարդու իրավունքների պաշտպան կարող է դառնալ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ի՞նչ է պատահել: Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը կարելի է առաջադրել եւ քննարկել: Մենք որեւէ թեկնածուից չենք հրաժարվում: Կքննարկենք, եթե կհամապատասխանեն չափորոշիչները, տեսնենք իր ծրագրերն ինչպիսին են»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանն ու նշեց, որ անձնական տեսակետ չունի Փոստանջյանի վերաբերյալ. «Այդ ուղղությամբ չէի մտածել: Դրա համար պետք է երկար մտածեմ»,- ասաց Բաղդասարյանն ու նշեց, որ ՀՀԿ-ն ՄԻՊ-ի թեկնածուի հարց դեռ չի քննարկել:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը նույնպես չցանկացավ տեսակետ հայտնել՝ արդյոք Զարուհի Փոստանջյանը կկարողանա՞ իրականացնել ՄԻՊ-ի գործառույթները: «Մեր թիմը հարցի շուրջ դեռեւս քննարկումներ չի ծավալել»,- ՀՀԿ-ի հնարավոր թեկնածուի մասին հարցին ի պատասխան՝ հակիրճ ասաց Սահակյանը:

Նշենք, որ ԱԺ այսօրվա նիստում անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ՄԻՊ-ի իր թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է. «Ես պատրաստվում եմ որպես պետաիրավական հանձնաժողովի անդամ առաջադրել Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, բնականաբար, իր համաձայնությամբ, մենք խոսել ենք: Եվ բոլոր ուժերին, ովքեր հիմա  խոսում են այլընտրանք ստեղծելու, չգիտեմ, լավ օմբուդսմեն ունենալու մասին, առաջարկում եմ պաշտպանել Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը եւ եկեք այդ այլընտրանքը ձեւավորենք եւ եթե հնարավորություն կլինի, որ ինքը նշանակվի ՄԻՊ, ես կարծում եմ, որ նա կարող է լինել լավագույն մարդու իրավունքների պաշտպան իր ունեցած փաստաբանական փորձով, խարիզմայով եւ մարդու իրավունքների վերաբերյալ իր մոտեցումներով»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրն էլ Ազատության հրապարակում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էր հայտարարել, որ «Ժառանգությունում» որպես լավագույն ՄԻՊ թեկնածու տեսնում են Զարուհի Փոստանջյանին: «Սա մեր որոշումը չէ, սա մեր, ըստ էության, մոտեցումն է եւ վերջնականը պարզ է, որ պետք է որոշի Զարուհի Փոստանջյանն անձամբ ինքը: Մենք կաջակցենք Զարուհի Փոստանջյանին ամեն ինչով, եթե ինքն այդ ցանկությունը հայտնի: Ակնհայտ է, որ ինքն է եղել այս տարիների ընթացքում, որ անխոս զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ եւ այդ ինստիտուտին իսկապես նոր լիցք ու նոր որակ կհաղորդի»,- ասսել էր Արմեն Մարտիրոսյանը:

 

 

 

Աղբյուրը` http://armtimes.com/hy/read/78719