Անցած մեկ շաբաթում Ադրբեջանի զինուժն արձակել է 3500 կրակոց. Դիվերսիոն փորձը կանխվել է

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3500 կրակոց:

Բացի վերոնշյալից, հունվարի 26-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ ստիպել վերջիններիս հետ շպրտվել իրենց ելման դիրքերը:

Արձանագրված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Լուրեր Հայաստանից — NEWS.am