«ՀԺ». ՀՀ պետական պարտքը հատեց 5 մլրդ դոլարի սահմանը. նման բան երբեք չի եղել
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը պաշտոնապես հատեց 5 միլիարդ դոլարի սահմանագիծը: 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 71 միլիոն դոլար: Այսքան պարտք Հայաստանը չի ունեցել երբեք:
Այդ գումարից 4.3 միլիարդը արտաքին պարտքն է, 461 միլիոնը` ներքին: Թե մեր պետական պարտքը Համախառն ներքին արդյունքի քանի տոկոսն է, դեռ հայտնի չէ, քանի որ ՀՆԱ-ի մասին տվյալները կամփոփվեն երկու ամսից միայն: Սակայն դատելով նախնական ցուցանիշներից, պետական պարտքը արդեն հասնում է մեր ՀՆԱ-ի կեսին: Անցած տարի կառավարության նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց ՀՀ «Պետական պարտքի մասին» օրենքում, որով մեծացվեց կառավարության` պարտքեր ներգրավվելու հնարավորությունը:
Նախկինում պետական պարտքը չէր կարող գերազանցել ՀՆԱ-ի 60 տոկոսը, իսկ փոփոխությունից հետո այդ սահմանափակումը տարածվում է միայն կառավարության պարտքի վրա: Ներկայումս կառավարության պարտքը կազմում է ավելի քան 3.8 միլիարդ դոլար, կամ ՀՆԱ-ի 37 տոկոսը եւ սըրընթաց աճում է: Միայն անցած տարվա դեկտեմբերի ընթացքում կառավարության պարտքը աճել է 254 միլիոն դոլարով, իսկ 2015 թվականի ողջ ընթացքում գրեթե կես միլիարդ դոլարով»: