Գյումրիի կենդանաբանական այգու առյուծները կտեղափոխվեն Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոն

default

 

Գյումրիի մինի կենդանաբանական այգու 3 առյուծները մեկ շաբաթից կտեղափոխվեն Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոն: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց «Փրկենք Գյումրիի կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը` նշելով, որ այս առյուծները Գյումրիում են,  առյուծների կերակրման հարցը լուծվում է Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի օգնությամբ:

«Մեր խումբը հանդիպեց Ռուբեն  Խաչատրյանի հետ, նա ասաց, որ ինքն ունի առյուծներին տեղափոխման հնարավորություն եւ կենդանիների վերականգնողական կենտրոն ունի Ուրացաձորում, կենդանիները ժամանակավորապես կարող են մնալ այնտեղ, մինչեւ  հասկանանք, թե ինչ ենք անելու:  Մի քանի տեղ կա,  որտեղ կարելի է նրանց տեղափոխել, ուզումե նք տեղափոխել ինչ-որ աֆրիկական երկիր, որտեղ կա կենդանիների վերականգնողական կենտրոն, եթե չկարողանանք տեղափոխել, կարծում եմ, որ ինչ-որ այլ տարբերակ  կգտնենք, քանի որ կենդանիներին օգնել ցանկացողների մեծ  բանակ կա այս պահին»,-ասաց բնապահպանը:

Սիլվա Ադամյանի խոսքով, բրիտանական հայտնի Daily Mail կայքում Գյումրիի կենդանաբանական այգու կենդանիների լուսանկարների հայտնվելը պատահականություն չէր: «Փրկենք Գյումրիի կենդանբանական այգու կենդանիներին» նախաձեռնությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում է տեղադրել կենդանիների լուսանկարները, որտեղից էլ հայտնի բրիտանական կայքի լրագրողները տեղեկացել են կենդանիների վիճակի մասին եւ այցելել են Հայաստան:

«Եկան, խնդրեցին մեզ, որ տանենք Գյումրիի մինի այգի, լուսանկարեցին եւ հրապարակեցին կենդանիների սարսափելի վիճակի մասին պատմող նյութը: Երբ աղմուկ բարձրացավ, արդեն ՀՀ բնապահպանության նախարարությունն էլ խառնվեց, ստեղծվեց աշխատանքային խումբը եւ առաջին քայլն այն եղավ, որ արջերին փոխադրեցին Երեւանի կենդանաբանական այգի, որտեղից էլ արջերը կուղարկվեն Ռումինիա»,-ասաց բնապահպանը:

Ըստ բնապահպանի` նման  տհաճ միջադեպերից խուսափելու համար անհրաժեշտ է կարգավորել  օրենսդրական դաշտը, կենդանիների պաշտպանության եւ նրանց նկատմամաբ պատասխանատվություն կրելու մասին օրենք ընդունել:

«Մեր նախաձեռնությունը բացարձակապես դեմ է, որ որեւէ կառույց, բացի Երեւանի կենդանաբանական այգուց, ունենա կենդանաբանական այգի: Ոչ պրոֆեսիոնալ խմբերը չպետք է զբաղվեն այդպիսի գործունեությամբ: Եւ մեր նախաձեռնությունն այսուհետ բացահայտելու է Հայաստանում առկա այսպիսի կենդանաբանական այգիները, կենդանիներին, որոնք շատ վատ պայմաններում են ապրում եւ օգնելու է նրանց: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ օրենսդրական դաշտը կարգավորվի եւ մենք իրավունք ունենանք զբաղվել այդպիսի գործունեությամբ»,-ասաց նա:

Նշենք, որ NEWS.am-ին Երեւանի կենդանաբանական այգուց տեղեկացրել էին , որ Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու արջերը տեղափոխվում են Ռումինիայի «Լիբեարտի» արջերի ապաստարան, այնինչ առյուծների տեղափոխման հարցը  դեռեւս քննարկման փուլում է, իսկ իրենք, աջակցելով Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին, 2 արջերի համար տրամադրել են ժամանակավոր կացարան՝ նրանց բուժզննումն  ու անհրաժեշտ բոլոր գործընթացները կազմակերպելու համար:

Նշենք, որ Գյումրիում 2010 թվականից գործող մինի կենդանաբանական այգին այլևս չի կարող գոյատևել՝ կապված  կենդանիների սնունդի, ջրի ու ձմեռային սեզոնին հատուկ հարմարությունների բացակայության հետ: