ԵԿՄ-ն իրավամբ համարում է, որ բանակն իր զավակն է
Հայոց ազգային բանակն ստեղծվեց ծանրագույն պայմաններում` ընթացող պատերազմին զուգահեռ եւ ստեղծվեց երկրապահ կամավորական ջոկատների հենքով: ԵԿՄ-ն իրավամբ համարում է, որ բանակն իր զավակն է: Ուստի եւ երկրապահները, ԵԿՄ վարչության նախագահի նախաձեռնությամբ, շարունակ Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ զորամասերում են, դիրքերում: Բանակի օրվա կապակցությամբ էլ տոնական միջոցառումներ էին կազմակերպվել ԵԿՄ բոլոր տարածքային բաժանմունքներում: Երկրապահները Հայաստանում, Արցախում, արտերկրում խոնարհվել են բոլոր եղբայրական գերեզմաններում եւ բանակին ու Արցախյան հաղթանակին նվիրված բոլոր հուշարձանների մոտ: Մինչ տարածքներ մեկնելը, ողջ երկրապահական ընտանիքը ծաղիկներ է խոնարհել ԵԿՄ վարչության շենքում կանգնեցված Սպարապետի կիսանդրիին եւ ԵԿՄ վարչական շենքի բակում կանգնեցված Ի փառս հայոց բանակի խաչքարին: Երկրապահական եռասերունդ ընտանիքն այցելեց նաեւ «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող Գրետա մայրիկին` Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը: Երկրապահները Գրետա մայրիկին առողջություն մաղթեցին ու փոխանցեցին Զորավարի հետեւյալ շնորհավորական ուղերձը:
ՀԱՅՈՑ ՄԵԾ ՄԱՅՐԻԿԻՆ
Սիրելի´ Գրետա մայրիկ. Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բանակի օրվա կապակցությամբ: Բանակն ստեղծվել է երկրապահ կամավորական ջոկատների հենքով, հայոց ազգային բանակի հիմնադիրը նույն ինքը Երկրապահի հիմնադիր, մեր սիրելի Սպարապետ Վազգեն Սարգսյանն է: Բանակը մեր պետության ամենակայացած կառույցներից է, Բանակի տոնն էլ մեր ազգային տոնացույցի ամենահպարտ ամսաթվերից: Եռասերունդ Երկրապահի, երկրապահ հայ ազգի անունից, շնորհավորում եւ շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, հայ ազգի Մեծ մայրի´կ, որ մեր ժողովրդին Սպարապետ եք պարգեւել, Սպարապետ, որ հայոց մերօրյա հաղթանակների կազմակերպիչն ու ոգեշնչողը հանդիսացավ: Այս տոնական օրվա կապակցությամբ Երկրապահը Եռաբլուրում, բոլոր եղբայրական գերեզմաններում խոնարհվել է Սպարապետի, Արցախյան ազատագրական պատերազմի նահատակ քաջերի շիրիմների առջեւ` նրանց եւս շնորհավորելով իրենց ստեղծած հաղթական ու հզոր Բանակի օրվա կապակցությամբ: Երիցս շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ, Գրետա մայրի´կ, առողջություն, երջանկություն, մեր բանակին եւ սահմանապահ զինվորներին` բարի ծառայություն, մեր երկրին` խաղաղություն:
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Աղբյուրը`http://shabat.am/article/24159/24159.html