ԱՀԿ-ն արտակարգ նիստ կգումարի՝ կապված զիկա վիրուսի հետ

Առողջապակության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործադիր խորհուրդը հունվարի 28-ին Ժնևում զիկա վիրուսի դեմ պայքարի շտապ միջոցների մշակմանը նվիրված արտակարգ նիստ կգումարի: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նշվում է, որ վիրուսը ծանր թերությունների պատճառ է դարձել հազարավոր նորածինների շրջանում Կարիբյան ավազանի և լատինական Ամերիկայի պետություններում, հատկապես՝ Բրազիլիայում:

ԱՀԿ-ում արտակարգ նիստ գումարելու որոշում ընդունել են ամերիկացի գիտնականների հայտարարությունից հետո, որ զիկա վիրուսի համաճարակի բռնկման վտանգ կա:

Ավելի վաղ ԱՀԿ-ում հայտարարել են, որ սպասում են Զիկա վիրուսի տարածում Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրներում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պորտուգալիայում, Ֆինլանդիայում և Գերմանիայում Զիկա վիրուսով հիվանդացության դեպքեր են արձանագրվել:

Նշվում է, որ հղիության ընթացքում Զիկա վիրուսով վարակվելը երեխայի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա՝ բնածին արատ, որի հետևանքով գանգը զգալիորեն փոքր է լինում: Այն ուղեկցվում է մտավոր հետամնացությամբ, նևրոտիկ շեղումներով, լսողության ու տեսողության խանգարումներով:

 

 

 

Աղբյուրը` http://www.1in.am/1827348.html