Մենք ենք ու մեր «պանրանմանը»
Վերը բերված լուսանկարը ակտիվորեն շրջանառվում է սոցցանցերում: Ընդ որում լուսանկարի սկզբնաղբյուրը ռուսաստանցի օգտատերերն են: Լուսանկարից ակնհայտ է դառնում, որ սա մեր աչքին հարազատ, մեր խանութներում վաճառվող սովորական պանիր է: Սակայն պիտակի վրա գրված է, որ դա «պանրանման մթերք», որը արտադրված է Հայաստանում: Ռուսաստանցի օգտատերերի մեկնաբանություններում կարմիր թելով անցնում է այն «գաղափարը» թե տեսեք, ինչով ենք փոխարինել եվրոպական պանիրները ՌԴ կառավարության կողմից արեւմտյան երկրների սննդամթերքի նկատմամբ կիրառվող պատժամիջոցերից հետո:
Թե ինչու է մեր պանիրը Ռուսաստանում դառնում ընդամնեը «Պանրանման մթերք», այնքան էլ հասկանալի չէ: Ամենայն հավանականությամբ մեզ համար սովորական պանրի արտադրության համար օգտագործվող տեխնոլոգիաները ու ծախսվող նյութերը ռուսական պաշտոնական չափանիշներով թույլ չեն տալիս այն դասակարգել լիարժեք պանիրների շարքում: Այդուհանդերձ այս «Պանրանման մթերքի» գինը տպավորիչ է` մոտ 2300 դրամ: Հայտնի չէ, թե ինչպես է վաճառվում մեր «պանրանմանը» Ռուսաստանում եւ որքանով ենք գրավել ռուսական շուկան: Պաշտոնական տվյալներ, թե անցած տարվա ընթացքում որքան պանիր, կամ տվյալ դեպքում «Պանրանման մթերք» է արտահանվել Ռուսաստան, իսպառ բացակայում են:
Աղբյուրը` http://armtimes.com/hy/read/78431