Մեր հպարտությունը
Այսօր Հայոց բանակը նշում է իր կազմավորման 24-րդ տարեդարձը: Հերթական տարեդարձը մեր բանակը նշում է չափազանց ծանր և բարդ աշխարհաքաղաքական և ռազմական պայմաններում, գրեթե մարտական պայմաններում: Ընդամենը երկու-երեք օր է, որ հայ-ադրբեջանական սահմանները խաղաղվել են տարեմուտից սկսված հրադադարի խախտման ադրբեջանական փորձերից հետո: Խաղաղվել են այն բանից հետո, երբ հայկական ստորաբաժանումները հակառակորդին ստիպեցին կտրել ռազմական սադրանքով որևէ արդյունքի հասնելու հույսերը և նահանջել մեծ կորուստներով: Ցավոք սրտի, կորուստներ ունեցան նաև Հայաստանի բանակի ստորաբաժանումները և տոնական այս օրը մենք լի ենք հակասական զգացումներով և զգացմունքներով:
Մենք հպարտ ենք ունենալ հաղթական պատերազմում ձևավորված, կոփված, իր մարտունակությունը ռազմական փորձառությամբ և գործնական հաջողություններով հաստատած, Հայաստանի և հայ ժողովրդի պատմության ընթացքում ամենանշանակալից հաղթանակներից մեկը՝ Ղարաբաղի ազատագրումն ապահոված բանակ, և միաժամանակ մենք սգում ենք այդ բանակի հաղթանակների ձեռքբերման, այդ բանակի հաստատած խաղաղության, հրադադարի պահպանման ընթացքում մեր զոհված որդիների, ընկերների, եղբայրների կորուստը, այն ցավալի, ողբերգական կորուստները, որ ունեցել ենք այս ընթացքում՝ ոչ միայն հունվարի 2-ից հետո այս օրերին, այլ անցնող տարիներին ընդհանրապես: Եվ այստեղ, իհարկե, խոսքերը դառնում են ավելորդ:
Միաժամանակ անհերքելի և երևի թե անվիճելի է այն, որ խաղաղության, անվտանգության, նման կորուստների բացառման գրավականը հենց ուժեղ, ավելի ու ավելի զորացող, տեխնիկապես և ոգով ամրացող, հագեցող զինված ուժերի առկայությունն է: Եվ սա պետք է լինի մեր նպատակը, նաև մեր պարտավորությունը բանակի և մեր բոլորիս հաղթանակների համար կյանքը տված զինծառայողների հիշատակի առաջ: Սակայն, այս ամենով հանդերձ, նաև գիտենք, որ մենք ստիպված ենք հարգել ոչ միայն Հայաստանի պաշտպանության ու անվտանգության համար ուղղակի կյանքը տված մեր ընկերների, այլ նաև բանակում խաղաղ պայմաններում զոհված մեր ընկերների հիշատակը, որոնք գնացել էին Հայաստանը պաշտպանելու գործում իրենց լուման ներդնելու, սակայն դրեցին իրենց կյանքը՝ այսպես կոչված ոչ կանոնադրական հարաբերությունների կամ պարզ ասած` բանակում տեղ գտած հանցավորության հետևանքով:
Սա ևս հանդիսանում է պետական անվտանգության լրջագույն խնդիր, որովհետև նման միջադեպերը միգուցե ավելի են հարվածում մեր զինուժին, անվտանգությանը, մարտունակությանը և ամենակարևորը՝ բանակի հանդեպ հասարակական վստահությանը` առանց թշնամու միջամտության խլելով մեզանից մեր բոլորիս համար ևս շատ շատ թանկ կյանքեր:
Միգուցե անդրադարձը տոնական չի ստացվում, ստացվում է շատ հակասական, հարաբերական, սակայն մենք պետք է հասկանանք, որ տոնը երբեք չպետք է դառնա վարդագույն ակնոց՝ իրականությունը գունափոխող: Ի վերջո, տոնն իրականությամբ է տոն և չի կարող կտրված լինել իրականությունից, իրականությունն է մեզ մատուցում տոնի առիթներ: Հետևաբար` մենք պետք է հենց տոնի առիթներ, լիարժեք տոնական առիթներ ունենալու համար երբեք չմոռանանք և չփորձենք երբեք գունափոխել իրականությունը, առավել ևս այն բարդ ժամանակաշրջանում, որում գտնվում ենք մենք այսօր:
Շնորհավորում ենք հայ ժողովրդին, ներկայումս բանակում զինծառայող ունեցող ընտանիքներին, զինծառայողներին, հրամանատարներին Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ և մաղթում մի բան միայն, որ բոլորը ծառայության ամեն ժամից, օրից, շաբաթից, ամսից կամ տարուց հետո գրկաբաց ու բաց ճակատով ընդունեն ծառայությունից վերադարձող իրենց հարազատին, բարեկամին, ընկերոջը:
Աղբյուրը`http://www.1in.am/1827143.html