Եթե որեւէ մեկը կարող է էժան բենզին բերել Հայաստան, որեւէ խնդիր չունի. ՀՀԿ-ական պատգամավոր
Իրանի նկատմամբ սանկցիաների վերացումը Հայաստանի համար էլ նոր հեռանկարներ է բացում էժան գազի, նավթամթերքի ու այլ ապրանքատեսակների հետ կապված, սակայն դեռեւս ցածր գնով առաջարկ չկա: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը:
«Էժան գազից են խոսում, բայց հարցնո՞ւմ են` Իրանը մեզ էժան գազ առաջարկե՞լ ա, էդ հարցի պատասխանը ես գիտեմ` Իրանը մեզ 160 դոլարից էժան գազ չի առաջարկել: Եթե առաջարկի 140 դոլարով ու Հայաստանը չբերի, էդ ժամանակ ասեք` ինչի՞ գազ չի բերվում»,-ասաց Այվազյանը:
Անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ Հայաստանը բանակցություններ անգամ չի սկսում, քանի որ Ռուսաստանը թույլ չի տա Իրանից էժան գազ գնել, Այվազյանը պատասխանեց հետեւյալ օրինակով. «Նույն տրամաբանությամբ, եթե Ռուսաստանը ճնշեր, ուրեմն մեր ՀԷԿ-երը չպիտի աշխատեին, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը, որը «Գազպրոմինն» ա ու էներգիայի ինքնարժեքը մեր ՀԷԿ-երից բարձր է, պիտի ասեր` կանգնեք, միայն ինձանից հոսանք գնեք: Ես ասում եմ`ես գիտեմ, որ մեզ էժան գազ չեն առաջարկել, երբ առաջարկեն ու չբերենք, նոր թող քննադատեն»:
Հանրապետական պատգամավորը պնդում է, որ էժան բենզին ներկրելու հետ եւս խնդիր չկա: Եթե որեւ մեկը կցանկանա էժան բենզին բերել Հայաստան, նրան որեւէ մեկը չի կարող խոչընդոտել:
«Ո՞նց են ճնշում, մաքսազերծում չի՞ կատարվում, ո՞րն է ճնշման մեխանիզմը: Ո՞վ է բերում, թող բերի: Ես լսել եմ ռադիոյով, որ ասում ա Իրանի քաղաքացին ուզել ա բերի, թույլ չեն տվել: Ինքն ասեց` կբերեմ, ասեցին` մի բերե՞ք, չի կարելի էստեղ: Հարյուր չէ, հազար տոկոսով եմ վստահեցնում` եթե որեւէ մեկը կարող է էժան բենզին բերել Հայաստան, որեւէ խնդիր չունի: Ինքը բերել է սահմանին ասել են` չի կարելի՞: Ո՞վ է բերել էժան բենզին, չենք ընդունել»: