Բոտուլիզմով հիվանդանոց տեղափոխված 50-ամյա տղամարդը 3 շաբաթ անց սկսել է իրեն լավ զգալ
Հունվարի 3-ին Հրազդան ԲԿ-ից բոտուլիզմ ախտորոշմամբ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչ 50-ամյա Մանուչար Խաչատրյանը, որն արդեն 3 շաբաթ է միացված է շնչառական ապարատին, ապաքինվում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Արմենիա» ԲԿ-ից` նշելով, որ հիվանդն արդեն 2 օր է իրեն համեմատաբար լավ է զգում, նրա առողջական վիճակում կա դրական տեղաշարժ:
Ավելի վաղ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացել էինք, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 5 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է դարձել սննդում տնային պայմաններում պատրաստված շուշանի եւ բամիայի պահածոների օգտագործումը: