Վերբովկա են արել. էքստրասենսի սպանության մեջ մեղադրվող Մուշեղը վստահ է` վկային օգտագործում են իր դեմ

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող՝ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը կարծում է՝ ինչ–որ մեկին հաջողվել է իր ընկերներ, գործով գլխավոր վկա համարվող Աննա Միսակյանին «վերբովկա» անել ու իր դեմ օգտագործել:

«Ինչ-որ մեկը օգտվել է նրանից, որ Աննան եղել է իմ վստահելին, իմ աչքի առաջ է մեծացել, ու հաջողվել է նրան վերբովկա անել, իմ դեմ օգտագործել ու իմ դեմ վկայություն է տվել: Ընդ որում, իրար հակասող ցուցմունքներ է տվել, իրադարձությունները տարբեր կերպ է նկարագրել»,- ասաց կալանավայրիցNEWS.am-ի խմբագրություն զանգահարած Մուշեղ Մխիթարյանը՝ նշելով, որ անձնական խնդիրներ է ունեցել Աննա Միսակյանի հետ, սակայն չմանրամասնեց, թե ինչ խնդիրներ:

Մուշեղ Մխիթարյանը պատմեց, որ Անի Մաջնունյանի սպանության նախորդ օրը Աննա Միսակյանի հետ է այցելել նրա տուն, այնտեղ մնացել են մինչեւ կեսգիշեր:

«Անին իմ հարազատ ընկերն է եղել, մեկ շաբաթ էր՝ չէինք հանդիպել։ Այդ օրը պետք է գնայի, Միսակյանը խնդրեց, որ հետս վերցնեմ իրեն, որ Անին իր բախտը գուշակի: Մինչեւ 3-ը, թե 4-ը նստեցինք, զրուցեցինք: Հետո Աննայի հետ դուրս եկանք»,- պատեց Մուշեղը:

Մուշեղ Մխիթարյանի խոսքով՝ առավոտյան Անի Մաջնունյանը իրեն պետք է զանգահարեր, բայց չի զանգահարել:

«Տեսա՝ զանգ չկա, նամակ գրեցի: Հետո զանգեցի, անհասանելի ցույց տվեց: Հետո ծանոթներիցս մեկը ասեց, որ սպանված են գտել Անիին»,- պատմեց նա:

Մուշեղ Մխիթարյանը նշեց, որ անհեթեթ է համարում վարկածը, թե ինքը սպանվածին գումար է պարտք եղել: Նրա խոսքով՝ իրենք այնքան մտերիմ հարաբերություններ են ունեցել, որ գումար պարտք անելու մասին խոսք չի եղել. «Էն աստիճան մտերիմ ենք եղել, որ եթե ինձ փող պետք լիներ, ասում էի՝ ինքը տալիս էր, եթե իրեն պետք լիներ, ասում էր՝ ես էի տալիս ու անվերադարձ: Մեկ այլ վարկած էլ շրջանառվեց, թե ես հոգեկան հիվանդ եմ, հոգնել էի իմ սիրուհուց: Բայց եթե մարդ ուզում է սիրուհուց ազատվել, թողնում, գնում է: Ես 2 անգամ ամուսնացած եմ եղել, ու իմ կանայք ողջ են»:

32–ամյա Մուշեղ Մխիթարյանը նշեց, որ իր համար էլ դեպքի հանգամանքները պարզ չեն, ու ինքն էլ է ուզում, որ սպանությունը բացահայտվի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:

20-ամյա Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է: