«Զվարթնոցն» առաջին օդանավակայանն է Կովկասում, որը ստացել է ԻՍՕ 50001 սերտիֆիկատ
Ստանդարտների Բրիտանական ինստիտուտը (BSI) Զվարթնոցի ուղեւորային համալիրին շնորհել է ԻՍՕ 50001 սերտիֆիկատ` Էներգակառավարման համակարգի ոլորտում, ինչը ընդգծում է կառավարող ընկերության հաստատակամությունը էներգաարդյունավետության շարունակական բարելավման հարցում:
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագիրը գործարկվել է 2015թ եւ նախատեսում է էներգետիկ թիմի համար ապահովել այնպիսի ընդունելի համակարգ, որով էներգետիկ արտադրողականությունը կինտեգրվի ստանդարտի կառավարման պրակտիկայում: Այն մանրամասնում է էլեկտրաէներգիայի օգտագործման, չափման եւ փաստաթղթագրման, ինչպես նաեւ այնպիսի սարքերի, համակարգերի նախատեսում եւ ձեռքբերում, որոնք նպաստում են էներգաարդյունավետության բարձրացմանը:
Կազմակերպության բոլոր մակարդակների եւ գործառույթների ամբողջական ներգրավվածությունն ապահովեց ստանդարտի հաջող կիրառումը, եւ ժամանակին երեւացին արդյունքները:
ԱՄՕ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն նշում է. «Մենք նպատակ ունենք նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի սպառումը` շարունակական բարելավման փուլերով ավելացնելով էներգաարդյունավետությունը, ապահովելով մեր ուղեւորների ու աշխատակիցների համար անվտանգ եւ հարմարավետ միջավայր:
Մենք չենք կարող վերահսկել էլեկտրաէներգիայի սակագները, սակայն կարող ենք վերահսկել էներգակառավարումը մեզ մոտ: Ծրագրի մեկնարկից հետո մեզ մոտ կրճատվել են վատնումները, ավելացել արդյունավետությունը, եւ ինչը շատ կարեւոր է` կարողացել ենք ձեւավորել շարունակական բարելավման մշակույթ կազմակերպության բոլոր մակարդակներում: Հուսով եմ նմանատիպ ջանքեր կգործադրվեն նաեւ մյուս կազմակերպությունների կողմից ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ տարածաշրջանում»:
Աղբյուրը` http://news.am/arm/news/308040.html