Գեղարքունիքում հոր գույքը բաժանելու պատճառով եղբայրը հոր կտակած կացնով կացնահարել է եղբոր ձեռքը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Հարությունյանի նախագահությամբ ավարտվել է Կարեն Ղ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Կարենը 2015 թվականի սեպտեմբերի 13-ի առավոտյան, ժամը 9-ին գնացել է իր հարազատ եղբոր՝ Կամոյի տուն, վիճել է նրա հետ հայրական գույքի բաժանման հարցով, պահանջել է վերադարձնել նախորդ օրը իր տանից Կամոյի վերցրած կացինը: Կամոն նախասրահում կացինը փոխանցել է Կարենին, նա էլ վերցրել, կացնով հարվածել է եղբոր ձեռքին և հեռացել է:

Կամոյի առողջությանը պատճառվել է թեթև վնաս:

Կարենին մեղադրանք է առաջադրվել տուժած եղբոր առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով:

Տուժողը հայտնել է, որ բավական ժամանակ է՝ եղբոր հետ լարված հարաբերությունների մեջ է՝ հոր կողմից գրված կտակի պատճառով: Հայրը թուղթ է գրել, թե ունեցվածքից ինչն է պատկանում իրեն: Ինքն էլ մի քանի անգամ գնացել է եղբոր տուն՝ իր հասանելիքը վերցնելու: Վիճել է եղբոր հետ, ասել է, թե նման վերաբերմունքի պայմաններում ինքը բաժանվում է, առանձին է ապրելու:

Թուղթը գրելուց հետո հայրը մեկնել է Ռուսաստան, ինքը գնացել է իր հասանելիքը վերցնելու:

Վերցրած իրերի մեջ է եղել նաև կացինը, որը հայրը իրեն էր տվել՝ ըստ ցուցակի:

Կարենը եկել ու կացինը հետ է ուզել: Կացինը այդ ժամանակ հացատանն էր, կինը գնացել ու բերել է իր խնդրանքով, տվել է իրեն, ինքն էլ տվել է Կարենին: Տվել ու ասել է, որ նա հեռանա: Իրենք գոռգոռացել են, Կարենը կացնով խփել է իր ձախ ձեռքին ու հեռացել է:

Իր ձեռքը վնասվել է, արյուն է եկել, կինն առաջին օգնություն է ցույց տվել: Ինքը մեքենան գործի է գցել ու գնացել է եղբոր հետևից, բայց կինը զանգել ու հետ է կանչել՝ ասելով, թե ոստիկանության բաժնից մարդիկ են եկել…

Տուժողի կինը հայտնել է, թե ամբաստանյալն իր տագրն է, իրենք նրա հետ վատ հարաբերությունների մեջ են: Պատճառը տան բաժանման հետ կապված անախորժություններն են:

Սկեսրայրը այն ինչ իրենց պիտի տար՝ չի տվել. Աբովյանում տուն պիտի գրանցեր իրենց անունով՝ չի գրանցել: Կռիվն ընկել է երկու եղբայրների մեջ:

Իրենք նույն գյուղում են, բայց առանձին են ապրում: Սկեսրայրը վիճել է իր ամուսնու հետ ու տանից դուրս է արել այն ժամանակ, երբ իրենք պատրաստ չէին առանձնանալու:

Սկեսրայրը իրենց տուն չի տվել, մի քանի մանր-մունր բան է գրել, որ տան իրենց: Ամուսինն էլ գնացել է իրենց հասանելիքը բերելու: Նրա եղբայրը չի տվել, ասել է՝ ոչինչ չի տալու:

Այդ պատճառով, ըստ տուժողի կնոջ՝ իրենց վիճակը «անորոշ է», բնակության հարցը՝ «օդի մեջ՝ չլուծված»:

Դեպքի նախորդ օրը ամուսինը հայրական տանից բերել է իրենց հասանելիքը: Հաջորդ առավոտյան նրա եղբայրը եկել ու բարկացել է, թե Կամոն ինչու է իր բացակայությամբ տանից բաներ վերցրել՝ դրա իրավունքը չունենալով: Հետո նա կացինն է հետ ուզել: Ամուսինն իրեն ասել է՝ գնա կացինը բեր:

Ինքը կացինը բերել, տվել է ամուսնուն, նա փոխանցել է եղբորը, Կարենն էլ կացնով խփել է Կամոյի ձեռքին՝ «կացնահարել ու գնացել է»:

Կացինն ու մնացած մանր-մունր բաները Կամոն բերել էր՝ ըստ հոր գրած ցուցակի:

Երբ ամուսինը մեքենա է նստել ու գնացել եղբոր հետևից, ինքը զանգել է ոստիկանություն, որ կանխի եղբայրների նոր վիճաբանությունը:

Հիմա իրենք ապրում են ուրիշի տանը, իրենց թույլ են տվել մինչև փետրվարի վերջը ապրել այնտեղ…

Ամբաստանյալ Կարենը նշել է, թե ինքը եղբորը դիտավորությամբ չի հարվածել: Ընդհանրապես հարվածելու մտադրություն չի ունեցել: Իր վիճաբանության թեման ապրանքը չի եղել, այլ այն, որ եղբայրը իր բացակայությամբ իր տանից ապրանք է վերցրել: Իր ջղայնության միակ պատճառը իր «ծնողի հանդեպ անհարգալից վերաբերմունքն է»: Եթե ինքը ապրանքի համար գնացած լիներ, բացի կացնից էլի շատ արժեքավոր բաներ էր տարել եղբայրը, դրանք էլ կուզեր: Կացինն էլ հետ է ուզել, որովհետև մի քանի հատ է եղել, Կամոն բոլորը վերցրել էր: Իր բացակայության պայմաններում եղբայրը իր տանից վերցրել է այն, ինչ հոր կողմից գրված չի եղել:

Ինքը կացինը վրդովված քաշել է եղբոր ձեռքից, երևի այդ ժամանակ պատահաբար վնասել է նրա ձեռքը…

Դատարանը Կարեն Ղ.-ին մեղավոր է ճանաչել եղբոր ձեռքը կացնով դիտավորությամբ վնասելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով, և դատապարտել է տուգանքի՝ 50 հազար դրամի չափով:

 

 

 

Աղբյուրը`1in.am