Հայաստանի և Եվրամիության միջև տնտեսական համագործակցությունն ավելի քան իրատեսական է. Թևան Պողոսյան

 

Հայաստանի և Եվրամիության միջև բանակցվող համագործակցության մասին փաստաթուղթն իր մեջ կամփոփի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բաղադրիչներ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով օրերս ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից հնչեցրած հայտարարությանը, որ մշակվող համաձայնագրում արտացոլված կլինի ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորությունն ու ծավալը՝ Թևան Պողոսյանն ասաց, որ դա կախված կլինի տնտեսական բլոկի լայնությունից:

«Երբ ասում են Հայաստան և Եվրամիություն երկկողմ հարաբերությունների խորություն և բովանդակություն, ես պատկերացնում եմ հետևյալը, որ այն փաստաթուղթը, որը մենք բանակցում ենք ԵՄ հետ, ունենալու է քաղաքական, տնտեսական բաղադրիչներ»,- մանրամասնեց պատգամավորը:

Պողոսյանի խոսքով՝ համագործակցության փաստաթղթի քաղաքական բաժինը, ամենայն հավանականությամբ, կլինի նախկին Ասոցացման համաձայնագրից, որը Հայաստանը չստորագրեց:
«Եվրամիությունից, եթե հիշում եք, հայտարարել էին, որ այդ բաժինը մեկ հանդիպումից կավարտեն, ինչը նշանակում է, որ նախորդ համաձայնագրից շատ չի տարբերվի: Խոսք է գնալու բարեփոխումների փաթեթի մասին, թե որ ոլորտներում, որ բնագավառներում, որ դաշտերում Հայաստանն ու Եվրամիությունը կարող են համագործակցել»,- ասաց նա:

Իսկ թե որքան խորը կլինի այդ համագործակցությունը, Թևան Պողոսյանի դիտարկմամբ, կախված կլինի հաջորդ բաժնից՝ տնտեսական բաղադրիչից:

«Ըստ իս՝ տնտեսական բաղադրիչը պայմանագրում բավական խորը կլինի: Շատերը կարծիք են հայտնում, որ քանի որ մենք ԵՏՄ անդամ ենք, Հայաստանի և Եվրամիության միջև տնտեսական հնարավոր համագործակցությունն անհնարին է դառնում, բայց դա այդպես չէ: Կան ոլորտներ, որտեղ համագործակցությունն ավելի քան հնարավոր է: Լինելու է համագործակցություն սեկտորալ՝ մասնավոր ոլորտների հետ, ինչը ավելի է խորացնելու այս համագործակցությունը»,- շեշտեց պատգամավորը` ավելացնելով, որ ԵՏՄ անդամ Ղազախստանն էլ մարտին ստորագրեց ԵՄ հետ տնտեսական համագործակցության պայմանագիր:

Եվրամիության հետ տնտեսական համագործակցության սահմանափակումները, Թևան Պողոսյանի համոզմամբ, կլինեն ազատ առևտրի ոլորտում: Հայաստանը, նրա խոսքով, չի կարող մաքսային առևտրի դաշտում ակնկալիքներ ունենալ ԵՄ-ից, որովհետև այստեղ ՀՀ համագործակցությունը ԵՏՄ հետ է:

Հարցին՝ չափազանցվա՞ծ է Հայաստանի միջոցով ԵՏՄ-ԵՄ համագործակցության հեռանկարը, թե իսկապես նման շանսեր ՀՀ-ն ունի, հաշվի առնելով երկու միությունների պատրաստակամությունը՝ համագործակցելու միմյանց հետ, Թևան Պողոսյանը պատասխանեց, որ աշխարհում անհնարին ոչինչ չկա:

«Դա կախված է մեր ցանկությունից: Ասել, որ մենք կդառնանք կամուրջ, կախված կլինի նրանից՝ ինչքան ակտիվ մենք կլինենք այս հարցում, ինչքան կաշխատենք այս ուղղությամբ, ինչ տարբերակներ կառաջարկենք, որ համագործակցեն, որքան կլինի մեր ներդրումը՝ այս համագործակցությանը հասնելու համար»,- եզրափակեց պատգամավորը:

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը` tert.am