Հղի՞ ես, նայի մուրազդ փորումդ չմնա. քննչական բաժնում ծաղրե՞լ են երիտասարդ հարսին .yerkir.am

Ի՞նչ է կատարվում Կոտայքի քննչականում:

Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և երկամսյա կալանքի որոշում կայացրել Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ Մհեր Եղիազարյանին առևանգելու մեջ մեղադրվող Մուրադ Հարությունյանի նկատմամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը): Հարությունյանին մեղադրանք առաջադրելու հիմքում դրվել է 25-ամյա Մհեր Եղիազարյանի` հանցագործության մասին հաղորդումը: Նշենք, որ Եղիազարյանը հաշվառված է «Աբովյան» ԲԿ ՓԲԸ-ի հոգեբուժական բաժանմունքում: Նրա մոտ ախտորոշված է մտավոր թերզարգացում` աֆեկտիվ անկայունությամբ և վարքային նշանակալի խանգառումնրով: Վերջին անգամ բուժում է ստացել «Նուբարաշեն» հոգեբուժարանում: Մ. Եղիազարյանը yerkir.am-ին ներկայացրեց դեպքի մանրամասները: «Մուրադն ինձ 200 հազար դրամ փող էր տվել, որ իր մոտ 2 ամիս աշխատեի: Մի ամիս աշխատեցի, մյուս ամիս ասացի` չեմ աշխատի,: Կռվեցինք, իրար բրթեցինք, հետո ասում էր` կա’մ պետք ա գաս, աշխատես, կա’մ փողը հետ տաս: Ես էլ վախեցա, զանգեցի ոստիկանություն, սուտ բաներ ասեցի»,- պատմեց նա և հավելեց, որ չի պատկերացրել, որ դրանից հետո այսքան պատմություն կծագի` Մուրադին կկալանավորեն, նրա ընկերոջ կնոջը կստիպեն վկայություն տալ Մուրադի դեմ և այլն: «Ես ուղղակի մտածեցի, որ զանգեմ ոստիկանություն, Մուրադն ինձ էլ չի անհանգստացնի»,- ասաց Մհերը: Նա նշեց, որ զղջում է արածի համար, սակայն երբ երկու օր անց ոստիկանական բաժնում ցուցմունք է տվել, որ իր ահազանգը կեղծ էր, իրեն չեն հավատացել, ցուցմունքն էլ չեն ընդունել:

Նշենք, որ, ըստ նախաքննության, Մուրադն իր ընկերոջ տան մոտ ստիպողաբար Մհերին տեղավորել է իր բեռնախցիկում և տարել, ինչն էլ իբր պատշգամբից տեսել է Մուրադի ընկերոջ կինը` Արմինե Պետրոսյանը: Կինը, սակայն, պնդում է, որ նման բան չի եղել, և ինքը մեծ ցանկության դեպքում անգամ չէր կարող տեսնել քննիչների մատնանշած դեպքի վայրը, քանի որ իրենց տան պատշգամբից այն տեսանելի չէ: Արմինե Պետրոսյանը, ով նոր է Կամարիս հարս եկել և, ինչպես ինքն է ասում, գյուղում ոչ մեկին դեռ նորմալ չի ճանաչում, yerkir.am-ի հետ զրույցում պատմեց կատարվածը: Ըստ նրա` իրեն, որպես վկա, տարել են Աբովյանի քննչական բաժին, իր նկատմամբ անհարգալից են վարվել և ստիպողաբար ցուցմունք կորզել, սպառնացել են, որ եթե չգրի այն, ինչ իրենք են ասում, ամուսնուն կկալանավորեն:
«Ինձ տարան քննիչներից մեկի սենյակը: Հետս շատ կոպիտ, գռեհիկ ձևով էին խոսում քննչականի պետ Հրաչ Ղազարյանն ու քննիչը: Սպառնում էին, ասում էին` ամուսնուդ կանդալելու ենք, ինձ ծաղրում էին, ասում էին` հղի՞ ես, չէ, նայի մուրազդ փորումդ չմնա: Իրար մեջ խոսում էին, ասում էին` մի հատ էդ դարակից կանդալները հանի, քցեմ սրա թևն էլ, ասում էին` մարդդ էնտեղ փակված ա, դու ուզում ես Մուրադի համար լա՞վ լինի: Ասում էին` գրի, որ Մուրադը ձեր տնից իջել ա, Մհերին տեսել ու զոռով մտցրել բագաժնիկը: Ես անընդհատ ասում էի, որ ես ոչնչից տեղյակ չեմ, ինձ ասում էին` ոչինչ, դու գրի, մենք հետո կձևակերպենք»,- մեզ հետ զրույցում պատմեց կինը: Արմինեի խոսքով` ցուցմունքը կորզելուց հետո ստիպել են նաև ստորագրել տակը` ասելով, որ եթե ցանկանում է` ամուսնուն ազատ արձակեն, չպետք է նրան ասի, թե ինչ է գրել: Արմինեի հարազատների պատմածով էլ` հարսը քննչական բաժնից վերադառնալուց հետո հոգեկան ապրումների մեջ է եղել, տանեցիներին պատմել է կատարվածի մասին: Արմինե Պետրոսյանը քննչական բաժնում կատարվածի մասին դիմումներ է ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարին և ՀՀ գլխավոր դատախազին և այժմ սպասում է պատասխանի: Պարզվում է` քննչական բաժնի պետի կողմից անհարգալից վերաբերմունքի է արժանացել նաև Մհերը:
Նա yerkir.am-ին հայտնեց, որ իրեն ստիպել են ցուցմունք գրել, սակայն ինքը հրաժարվել է, ինչի համար քննչականի պետն իրեն հայհոյել է:
«4-րդ հարկում էին նստում իրենք: Քննիչների մեծն էր, անընդհատ սենյակից դուրս էր կանչում ինձ, քֆուր էր տալիս, ասում էր` կասես` սենց-նենց, թե չէ բերանդ սենց, բերանդ նենց Ասում էր կբռնենք, կնստցնենք, կփակենք: Ես էլ ասում էի` նստցնում եք, նստցրեք, որ սուտ եմ խոսել, ի՞նչ անեմ, հիմա գնա, մարդն իմ պատճառով նստի՞»,- պատմեց Մհերը և հավելեց. «Որ մտնում ես ներս (նկատի ունի քննչական բաժին), ուրիշ ձև են նայում, հեռախոսս ձեռիցս վերցնում են , իրանք թելադրում են` ոնց գրեմ, ինչ գրեմ: Փաստաբանն ինձ պաշտպանում էր, ասում էր` ինչի՞ եք ստիպում, էս երեխեն սենց չի ասել, խի՞ եք գրում: Զոռով դրեցին, էդ փաստաբանիս գլխին սարքեցին` թուղթ ուղարկեցին պալատ»: Նշենք, որ խոսքը Մհերի ներկայացուցիչ Մելանյա Սարգսյանի մասին է:
Նա yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երբ դժգոհել է քննիչների անօրինական գործողությունների դեմ, մասնավորապես` Մհերին ցուցմունք թելադրելու, նրա դիմումն առանց մուտք անելու ընդունելու և այլնի մասին: Քննիչները նրան զգուշացրել են, որ եթե միջամտի` կդիմեն Փաստաբանների պալատ, որպեսզի փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի` վկային ուղղորդելու և քննությանը խոչընդոտելու փաստով:

Մանրամասները` սկզբնաղբյուր yerkir.am կայքում: