Վրաստանում խոզի գրիպից մարդ է մահացել
H1N1 վիրուսի բարդացումից Վրաստանի Զուգդիդի քաղաքում 68-ամյա տղամարդ է մահացել։
Ինչպես տեղեկացնում է Sputnik-Georgia-ն, սա այս ամսվա ընթացքում խոզի գրիպից մահացության երրորդ դեպքն է։ Ավելի վաղ դրա հետևանքով մահացել էին 39-ամյա տղամարդ՝ Աջարիայից, և 42-ամյա տղամարդ՝ Քութաիսիից։
«Լաբորատոր եղանակով հաստատվել է, որ մահվան այս դեպքը պայմանավորված է եղել գրիպի վիրուսով։ Հիվանդը Գալիից էր։ Նա Զուգդիդիի հիվանդանոց է դիմել բարձր ջերմությամբ։ Ցավոք, նա դիմել է 5-6-րդ օրը, և հաստատվել է, որ նրա մոտ Н1N1 վիրուսն է»,-հայտարարել է Հիվանդությունների վերահսկողության և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Հիվանդության վերահսկման կենտրոնում հայտարարել են, թե համաճարակ չկա։ Երկրի 100.000 բնակչի հաշվարկով հիվանդ է 248 մարդ, իսկ համաճարակ Վրաստանում համարվում է այն դեպքում, երբ հիվանդ են 100.000 մարդուց 500-ը։
Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել հասարակական վայրերում գտնվելուց և գրիպի առաջին նշանների դեպքում մնալ տանը, խորհրդակցել բժշկի հետ, հաճախ լվանալ ձեռքերն ու օդափոխել սենյակը։
Աղբյուրը`http://www.tert.am/