ՀՀ ևս 10 ուսումնական հաստատություններում կդասավանդվեն նոր առարկաներ
Armen-Ashotyan3
ՀՀ ևս 10 ուսումնական հաստատություններում կդասավանդվեն նոր առարկաներ
16:09 2016-01-20Դիտումներ՝ 1302
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ/ՄՇԱԿՈՒՅԹ
8
Հայաստանի ևս 10 ուսումնական հաստատություններ ընթացիկ տարվա սեպտեմբերից կդասավանդեն ՏՀՏ ոլորտի մասնագիտական առարկաներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Մենք շարունակելու ենք նախորդ տարի մեկնարկած ծրագիրը: Եվս 10 դպրոց կընդգրկվի ծրագրում: Այն արդեն ստացել է բավականին դրական միջազգային ռեզոնանս: Այն հայտով ներկայացրել էին Լոնդոնում տեղի ունեցող գլոբալ կրթական համաժողովին: Ցավոք, ես չկարողացա օբյեկտիվ պատճառներով մասնակցել, բայց զեկույցը ներառված էր հիմնական ծրագրում և կար մեծ հետաքրքրություն»,-նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարը:
Արմեն Աշոտյանը շեշտեց, որ փետրվարին մեծ եվրոպական կրթական համաժողով է լինելու Սերբիայում, որտեղ ծրագիրը հայտավորված է որպես հիմնական բովանդակություն:
«Հուսամ, որ այս անգամ կկարողանանք ներկայացնել հայկական կրթական նախաձեռնութունը, որը հանրակրթության բնագավառում փաստացի երկրորդ միջազգային հետաքրքրությունն առաջացրած և ունիկալ կրթական նախագիծն է շախմատից հետ»,-հավելեց նախարարը:
Հայաստանի մի շարք ուսումնական հաստատություններում մեկնարկել է աննախադեպ նոր կրթական նախաձեռնություն: 5 կրթական օջախներ նախորդ ուսումնական տարվանից դասավանդում են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաները: Ծրագիրը պետություն–մասնավոր հատված համագործակցության ամենացայտուն և գործնական օրինակներից մեկն է, որը խարսխված չէ պարզապես գումար ներդնելու մեջ:
Այդ ծրագիրը, որ փորձարարական է և իրականացվում է 5 ավագ դպրոցներում, միտված է երկրի տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից և գերակա ուղղություններից մեկը հանդիսացող ՏՀՏ ոլորտի զարգացմանը:
Մինչև 2015-2016 ուսումնական տարվա մեկնարկը մշակվել են «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչներն ու ծրագիրը, ինչպես նաև իրականացվել է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստումը: Բացի վերը նշվածը իրականացվում են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծման աշխատանքները:
Ծրագիրը հատուկ ուշադրություն է հատկացնում հայ երիտասարդների համար առավել լավ հնարավորությունների ստեղծմանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության կամ միկրոէլետրոնիկայի ոլորտում ապագա մասնագիտական ընտրության համար:
Աղբյուրը` tert.am