Ե՞րբ տեղի կունենա Վալերի Պերմյակովի գործով հերթական նիստը
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվողթիվ ՇԴ/0072/01/15 քրեական գործով ըստ մեղադրանքի Վալերի Պավելի Պերմյակովի` ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ քր. օր-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով 2016 թվականի հունվարի 18-ինկայացած արտագնա դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2016 թվականի հունվարի 22-ին ժամը 12:00-ին:
Այս մասին հայտնում են դատական դեպարտամենտից: Ըստ աղբյուրի՝ արտագնա դատական նիստը տեղի կունենա ՌԴ 102-րդ ռազմակայանի թիվ 04436 զորամասում (հասցե`ք. Գյումրի, Մեծ Բերդ): Նշված վայրը հասանելի է տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև այդ ուղղությամբ գործում են հանրային տրանսպորտի միջոցներ: Դատական քննությունը հրապարակային է, նիստը` դռնբաց, մուտքն ազատ է:
Դատական նիստին ներկա գտնվելու համար անձը՝ 1. ՌԴ ռազմակայանի տարածք մուտք գործելիս ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, իսկ լրատվամիջոցի ներկայացուցիչը՝ նաև մասնագիտական գործունեությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ:
2. ՌԴ ռազմակայանի տարածք, ինչպես նաև դատական նիստերի դահլիճ մուտք գործելիս ենթարկվում է զննման: Եթե հայտնաբերվեն իրեր, որոնց առկայությունը դատական նիստերի դահլիճում կարող է խախտել հասարակական կարգը կամ սպառնալիք ստեղծել դատավարությանը ներկա անձանց անվտանգության համար, ապա դրանք վերցվում և պահվում են այդ նպատակով նախատեսված վայրում: Դատական նիստերի դահլիճում և դրանից դուրս դատավարության մասնակիցների անվտանգության ապահովումը և հասարակական կարգի պահպանումն իրականացվում է ՀՀ դատական կարգադրիչների ծառայության և ոստիկանության աշխատակիցների կողմից: Դատական նիստերի դահլիճում տեղերի սահմանափակությունը հաշվի առնելով՝ տարածքում տեղադրվել են նաև երկու վրան: Վրաններից մեկը նախատեսված է լրատվամիջոցների, իսկ մյուսը՝ հասարակության ներկայացուցիչների համար: Նշված վրաններում տեղադրված են հեռուստացույցներ՝ դատական նիստի ուղիղ հեռարձակումն ապահովելու նպատակով:
Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակից տեղեկանում ենք, որ Չնայած նրան, որ նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցի կողմից՝ ռուս զինվորականներին դատարանի դահլիճից հեռացնելու վերաբերյալ ներկայացրած միջնորդությունը մերժվել էր Դատարանի կողմից, այս դատական նիստին ռուս զինվորականներ դատարանի դահլիճում չկային:
2016 թվականի հունվարի 18-ի դատական նիստին տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին միջնորդություններ, նախ՝ դատական նիստը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում անցակացնելու վերաբերյալ, որը քննարկելու համար դատավորը կեսժամյա ընդմիջում հայտարարեց, ապա՝ մերժեց այն: Այնուհետև միջնորդություն ներկայացվեց՝ դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ, որը ևս մեկժամյա ընդմիջումից հետո Դատարանը մերժեց:
Վ. Պերմյակովի արդար դատաքննության իրավունքի իրացման վերաբերյալ ևս միջնորդություն ներկայացվեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից, մասնավորապես՝ նրանք պահանջեցին՝ հանել ձեռնաշղթաները ամբաստանյալի ձեռքերից և վերացնել ապակեպատ վանդակը, որում գտնվում է նա: Միջնորդությունը բավարարվեց մասնակիորեն. կեսժամյա ընդմիջումից հետո հանվեցին Վ. Պերմյակովի ձեռնաշղթաները: Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները պատրաստվում են, մինչ դատաքննության սկսելը, ևս մեկ միջնորդություն ներկայացնել Դատարան, ինչի պատճառով էլ դատական նիստը հետաձգվեց:
Աղբյուրը՝ http://iravaban.net/113904.html
© iravaban.net կայք