Նավթի ցածր գնի պարագայում Ադրբեջանը Հայաստանի հետ մրցելու ունակ չէ. Վարդան

Արևելագետ Վարդան Ոսկանյանը գտնում է, որ առանց նավթի կամ ցածր գնով նավթ վաճառող Ադրբեջանը պարզապես Հայաստանի հետ մրցելու ունակ չէ:

«Մեր հակառակորդի թե՛ քարոզչական, թե՛ ռազմական, թե՛ հասարակական կառույցները հիմնված են մի գործոնի վրա՝ նավթ և դրա գներ, էներգակիր և դրա գներ: Հետևաբար՝ այս էներգակիրների համաշխարհային գների անկումը բերում է Ադրբեջանի բոլոր ուղղություներով թուլացման և մեզ լրացուցիչ շանս է տալիս հավասար պայմաններով գործել նրա հետ, որովհետև Հայաստանն էներգակիրներ չունեցող երկիր է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նա նկատեց, որ Հայաստանի ամենակարևոր առավելությունը՝ հասարակության խիստ կազմակերպված բնույթն է: «Այսինքն` մեր պետությունը, հասարակությունը մի քանի անգամ ավելի լավ կազմակերպված կանոնակարգված է, քան Ադրբեջանը, որտեղ վարչակարգի կլանի որևէ թուլացում բերելու է ուղակի քաոսի՝ տնտեսության, միջէթնիկ հարաբերությունների ոլորտում, կրոնական-դավանական հարթությունում»,-ասաց նա:

Վարդան Ոսկանյանը գտնում է, որ ադրբեջանական լոբբին կոնկրետ իրավիճակի վրա չի ազդում, թեև քարոզչական որոշակի բարելավվածություն ալիևյան վարչակարգին տալիս է:

«Սակայն իրական խնդիրները լուծվում են ցամաքի վրա, իսկ այդտեղ մեր դիրքերը բավական ուժեղ են: Մենք Ադրբեջանի հետ հարաբերություններում երկու հարթություն ունենք ՝ դա քարոզչական դաշտում՝ դիցուք միջազգային կառույցներում իրականացվող գործողություններն են»,- ասաց նա։

«Եվ երկրորդը՝ Ադրբեջանի հետ նույնիսկ տաք վիճակում գտնվող կոնֆլիկտն է: Այդ երկու հարթություններն իրար հետ ինչ-որ առումով շաղկապված են, սակայն դրանք պետք է տարբերակել: Մեզ համար, ըստ իս, առաջնայինը պետք է լինի հենց կոնկրետ այդ կոնֆլիկտի շոշափելի հատվածը, թեև քարոզչական հատվածն էլ շատ կարևոր է, սակայն եթե ես ընտրության առաջ լինեի, բնականաբար կընտրեի հաջողությունը սահմանում, այլ ոչ թե միջազգային կառույցներում»,-ասաց նա:

Նա նշեց, որ եթե օրինակ ԵԽԽՎ-ում ինչ-որ բանաձև ընդունում են Ադրբեջանի օգտին, հետո ԱՄՆ-ի կողմից ավելի խիստ բանաձև է ընդունվում Ադրբեջանի դեմ: «Այսինքն՝ իրավիճակն անընդհատ փոփոխվում է և չեմ կարծու մ, որ մենք մեր ունեցած ողջ հնարավորությունները և ռեսուրսները պետք է ուղղենք այդ դաշտ: Մենք մեր ռեսուրսները կարող ենք օգտագործել Ադրբեջանի ներսում որոշակի անկայունություն հրահրելու մեր ունեցած պոտենցյալը իրացնելու ուղղությամբ, իսկ մենք այդպիսի պոտենցյալ ունենք և այդ գործիքը մենք դեռևս չենք կիրառում Ադրբեջանի հանդեպ»,– ասաց նա:

Վարդան Ոսկանյանը նաև կարծիք հայտնեց, որ եթե Ադրբեջանը փորձի պատերազմ սկսել Հայաստանի դեմ, ապա հենց երկրի ներսում կունենա խոշորագույն խնդիրներ և «միգուցե ժամանակ էլ չունենա զբաղվելու մեզնով»։

 

Աղբյուրը`tert.am