Առանց Շենգենյան համակարգի՝ եվրոն իմաստ չունի. Ժան-Կլոդ Յունկեր
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ուրբաթ հայտարարել է, որ Եվրամիության անդամ երկրները «չկարողացան» հաղթահարել փախստականների ճգնաժամը, և նախազգուշացրել է, որ միության տարածքում սահմանների վերականգնումը կոչնչացնի եվրոպական ներքին շուկան։
Նրա խոսքով՝ խնդրի լուծման համար միասին աշխատելու փոխարեն՝ ԵՄ անդամ պետություններն ուժեղացնում են սահմանների հսկողությունը, ինչը սպառնում է Շենգենյան համակարգի և, ընդհանուր առմամբ, ԵՄ-ի գոյությանը, փոխանցում է Deutsche Welle-ն։
«Առանց Շենգենի, առանց եվրոպացի քաղաքացիների ազատ տեղաշարժի, առանց աշխատողների ազատ տեղաշարժի եվրոն իմաստ չունի….Դա վերաբերում է նաև Շենգենի, ազատ տեղաշարժի և ներքին շուկայի միջև կապին»,- Յունկերի խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Անդրադառնալով Եվրոպայում փախստականների խնդրին՝ Յունկերն ասել է, որ նա ամաչում է այդ խնդիրը բացատրել այնպիսի երկրների առաջնորդներին, ինչպիսիք են Հորդանանն ու Լիբանանը, որոնք ապաստան են տրամադրել ավելի քան 2 մլն փախստականի։
Աղբյուրը` tert.am