Հերթական դիվերսիան. երկուստեք կան զոհեր
Հունվարի 11-ին դիվերսիոն փորձ Տավուշում. հակառակորդի դիվերսանտներից մեկի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում
Այսօր՝ հունվարի 11-ին, ժամը 17:30-ի սահմաններում Տավուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել: Այս մասին Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է:
Հայոց բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել եւ չեզոքացրել է Հայաստանի պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները:
Հակառակորդի դիվերսիոն խմբի մի անդամի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում: Ցավոք, փոխհրաձգության ընթացքում զոհվել է նաեւ տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը (ծնված 1935 թ.):
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիովին տիրապետում են իրավիճակին: Կատարվածի ամբողջ պատասխանատվությունը մնում է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության վրա: