«Զվարթնոցի» հին մասնաշենքի քանդումը ճարտարապետական արժեքի վերացման հերթական սխեման է, քաղաքը կորցնում ենք. ճարտարապետներ

«Զվարթնոցի» հին մասնաշենքի քանդումը ճարտարապետական արժեքի վերացման հերթական սխեման է, քաղաքը կորցնում ենք. ճարտարապետներ
13:05 • 14.01.16

ՀՀ ճարտարապետներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել, դատապարտելով կառավարության և քաղաքապետարանի հերթական որոշումը, ըստ որի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը այնուամենայնիվ պետք է քանդել:

Միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ զարմացել են որոշումից, որովհետև և՛ քաղաքապետարանի, և՛ կառավարության հետ համաձայնության էին եկել, որ քննարկեն, հաշվի առնեն բոլոր ռեսուրսները, թե ինչ անեն, որ կարողանան հին մասնաշենքը նոր համալիրի հետ միասին աշխատեցնեն: «Բայց տարօրինակ վիճակ է, մենք ոնց որ միշտ պայքարենք մեր պետության դեմ, որ հուշարձանները պահպանեն: Դրանք մեր պատմության, ճարտարապետության էջերից են, և եթե սա առաջին օրինակը լիներ՝ լավատեսական տրամադրվածությամբ հարցին կնայեինք, բայց սա հերթական սխեման է ճարտարապետական արժեքի վերացման: Մենք տեղում դոփում ենք, ուրիշ բան չենք անում: Քաղաքը կորցնում ենք»,- ասաց նա:

Վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշեց, թե իրենց բացատրություն չեն տվել: «Միակ բացատրությունն այն է, որ գոյություն ունի պետական գերակա շահ, եթե գերակա շահը պետք է դառնա մշակութային ժառանգության ոչնչացումը, ես այդ թեզի կարևորությունը չեմ հասկանում»,- ասաց նա:

«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի ճարտարապետի դուստր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն էլ նշեց, որ մասնագետների կարծիքը հաշվի չեն առնում: «Անակնկալ էր, քանի որ մինչև Նոր տարի հանդիպում տեղի ունեցավ գլխավոր ճարտարապետ Բարսեղյան Տիգրանի հետ, ով հաստատեց, որ որևէ փոփոխություն, շարժ չի լինի, մինչև գծագրեր չներկայացվեն և չի քննարկվեն: Բայց շինարարներից մեկը զանգահարեց, թե ունեն քանդելու շինթույլտվությունը և խնդրեց գծագրերը, որպեսզի քանդման աշխատանքներն սկսեն: Նոր իմացանք, որ որոշումները տրված են և հաստատված են քաղաքապետի կողմից»,- ասաց նա:

Նա անդրադարձավ քաղաքապետի պարզաբանմանը. «Ինքը փորձում է օրինական իրավական հիմքեր ստեղծել նրա համար, թե ինչի են քանդում, բայց չեմ հասկանում ինչ հիմքեր կլինեն արվեստի գործեր քանդելու համար»:

Արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը նշեց, որ անակնկալ զարգացումներ են, քանի որ երկու տարուց ավելի խնդիրը քննարկվում է:

Նա նշեց, որ Վիեննայի 19-րդ կոնգրեսը, առաջին անգամ մեծ մասշտաբով անդրադարձել էր սովետական մոդեռնիզմի ժառանգությանը՝ ներառելով այս կառույցը, նրա բացառիկությանն էր անդրադարձել, որ համաշխարհային ճարտարապետական ժառանգության կարևորագույն կառույցներից մեկն է և ապա նամակով դիմել էին տարածաշրջանի կառավարությանը, հորդորելով մասնավոր ուշադրության արժանացնել այդ ժամանակաշրջանի ճարտարապետությանը:

«Եվ ՀՀ-ն միակ հանրապետությունն է, որ կառավարման մակարդակով արձագանքեց այդ նամակին, և ասաց, որ գտնվում է կառավարության և ՀՀ նախագահի վերահսկողության ներքո, այնպես որ անհոգ եղեք: Հետո բացվեց «Զվարթնոցի» պատմությունը, որն առանցքային կառույցներից մեկն է»,- ասաց նա:

 

 

Աղբյուրը` tert.am