«Ժողովուրդն այժմ գիտակցում է անվանակոչության խորհուրդը. Քրիստոսի անվանակոչության օրը սկսվում են մկրտությունները». Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան

«Այսօր տերունական տոն է և բոլոր առաքելական եկեղեցիներում տեղի է ունենում սուրբ և անմահ պատարագ՝ նվիրված Քրիստոսի անվանակոչության օրվան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Արարատյան Հայրապետական Թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը՝ պատմելով, որ ծննդյան 8-րդ օրը, երբ Քրիստոսը թլպատվեց, նրան անվանեցին Հիսուս:

 

Նա նշեց, որ Հեսու կամ Հիսուս անունները նշանակում են փրկիչ. «Աստված Աբրահամի հետ ուխտ արեց՝ թլպատել արու զավակներին, որպեսզի նրանք հեռու մնան մարմնական կրքերից և ցանկություններից: Քրիստոսը թլպատության կարիք չուներ, որովհետև չուներ ժառանգական և ներգործական մեղք, ինչպես մարդիկ, բայց նա ևս մտավ այդ «օրենքի» տակ և ամեն ինչ արեց, որպեսզի մարմնականը և հինը վերանան, և դրեց սուրբ հոգու շնորհների՝ հույսի, սիրո, հավատի սկիզբ»,- ասաց քահանան:

 

Բաբկեն քահանա Հայրապետյանի խոսքով՝ ժողովուրդն այժմ գիտակցում է անվանակոչության խորհուրդը: Նա նշեց, որ հենց այս օրն էլ սկսվում են մկրտությունները, որի ընթացքում էլ մկրտող քահանան մկրտվողին տալիս է սրբի անուն:

 

Եզրափակելով իր խոսքը՝ Բաբկեն քահանա Հայրապետյանը տերունական աղոթքից մեջբերեց մի տող՝ «Թող սուրբ լինի քո անունը» և նշեց, որ սա խորհուրդ է, որպեսզի մարդիկ անկեղծությամբ ու սրբությամբ տան Տիրոջ անունը:

 

 

 

Աղբյուրը` http://nyut.am/