ՀՀ-ում գրանցվել է խոզի գրիպից մահացության 10-րդ դեպքը

Այսօր ՀՀ բուժհիմնարկներում արձանագրվել է մահվան 2 դեպք` H1N1 վիրուսից: Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«60-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում։ Մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել»,-ասված է ՀՀ ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ մինչ այժմ ՀՀ-ում խոզի գրիպից մահացության 10-րդ դեպքն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 50-ամյա տղամարդումահվան մասին, սակայն կենտրոնից նշել էին, որ հիվանդի մոտ խոզագրիպի առկայությունը կհաստատվի կամ կհերքվի դիահերձումից հետո:

Հիշեցնենք նաև, որ հունվարի 12-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում գրանցվել էր սուր շնչառական վարակից, մասնավորապես H1N1 վիրուսից (խոզի գրիպ) 7-րդ զոհը՝ 35-ամյա կին, որը օրեր առաջ էր տեղափոխվել ԲԿ:

Նույն օրն ավելի ուշ արձանագրվել էր քաղցկեղով հիվանդ երեխայի մահվան դեպք, որի մոտ հայտնաբերվել էր նաև խոզի գրիպ։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել էր, որ 2015թ-ի վերջին սուր շնչառական հիվանդություններից մահացել է 6 մարդ, նույնքան մարդ այս տարվա առաջին տասն օրերին։

Բոլոր 6 մահացածների մոտ ախտորոշվել է H1N1 տեսակի վիրուսը։ Երեկվա դրությամբ սուր շնչառական վիրուսով հիվանդների թիվը 855-ն էր, որոնց մեջ կան թեթև և բարդացված վիճակում գտնվող հիվանդներ։

Սուր շնչառական վարակների ակտիվացման ողջ ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորում է խուճապի չմատնվել, բայց և զգոն լինել ու հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի։

Նախարարությունից հայտնում են նաև, որ քանի որ սեզոնային գործոնով պայմանավորված ակտիվացումը համընկավ եղանակային պայմանների կտրուկ վատացմանը, ինչպես նաև տոնական օրերի ակտիվ շփումներին, ՀՀ առողջապահության նախարարությունն ու համակարգն աշխատեցին արտակարգ ռեժիմով։ Իսկ աշխատանքներն առ այսօր տարվում են երկու ուղղությամբ` կանխարգելիչ և բուժական։ Նշվում է, որ նախարարությանը հաջողվեց բարձրացնել մարդկանց զգոնությունը` ինչի վկայությունն է դիմելիության մեծացումը։

«Անտարակույս, դրանով է պայմանավորված հանրապետությունում նկատվող իրավիճակի կայունացման և դեպքերի նվազման միտումը,-ասված է ԱՆ հաղորդման մեջ,-այսօր նման իրավիճակ է ոչ միայն Հայաստանում, այլև հարևան և եվրոպական մի շարք երկրներում։ Ոմանք, այդ թվում` մենք, ընտրել են ժողովրդի նկատմամբ ազնիվ մոտեցման, իրական իրավիճակը ներկայացնելու և զգոնությունը բարձրացնելով արդյունքներ ապահովելու ճանապարհը։ Ոմանք էլ` թաքցնելով իրական պատկերը և չբարձրաձայնելով մահվան դեպքերի մասին` մեծաթիվ զոհերի գնով իրենց բնակչությանը դատապարտել են ուշ դիմելիության»։ 

Պատասխանելով մամուլի հրապարակումներին` նաև տեղեկացվում է. «Նախարարությունը չի լռում նաև ծանր դեպքերի առկայության մասին։ Հենց երեկ տեղեկացվել է, որ 81 հիվանդ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 14-ի միացված է արհեստական շնչառության սարք։ Բոլոր այս հիվանդները կամ ժամանակին չեն դիմել բժշկին կամ ունեն քրոնիկ որևէ հիվանդություն։ Նրանց բուժման ընթացքը մեր գլխավոր և առաջատար մասնագետների, անձամբ նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Ամենօրյա այցերի, բուժման տակտիկայի վերլուծությունների շնորհիվ շատ դեպքերում կյանքեր են փրկվում։ Սակայն միշտ չէ, որ գիշեր ու զօր արված քրտնաջան աշխատանքը տալիս է ցանկալի արդյունքը։ Եվ, առհասարակ, միշտ էլ լինում են ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնց ոչ բոլորին է հաջողվում փրկել։ Այսպիսին է հիվանդանոցային առօրյան»: 

ԱՆ-ը հորդորում է լրատվամիջոցներին ԶԼՄ-ների հետ համագործակցության և համատեղ աշխատանքի շնորհիվ տոնական օրերին բարձրացրել բնակչության զգոնությունը և իրականացրել լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ: Միաժամանակ լրագրողներին հորդորվում է թեմային անդրադառնալիս հղում կատարել միայն պաշտոնական աղբյուրին և չտարածել հանրության շրջանում անհարկի խուճապի մթնոլորտ և հանրության շրջանում անհարկի խուճապի մթնոլորտ չստեղծել:

 

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/