«Հայֆիլմի» կինոստուդիայի պահպանումն այսօր անիրատեսական է, որքան էլ որ մենք ասենք՝ ուզում ենք․ մշակույթի նախարար
«Հայֆիլմ» կինոստուդիայի պահպանումն այսօր անիրատեսական է, որքան էլ որ մենք ասենք, որ ուզում ենք: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն՝ անդրադառնալով կինոստուդիայի հետագա ճակատագրին, որը 2015-ի ամռանից գտնվում է կառավարության ենթակայության ներքո:
«Հայֆիլմ» պահելը Հայաստանի համար շատ դժվար խնդիր է: Ռուսաստանի պես պետությունը չի կարող արդիականացնել իր կինոստուդիաները: Շատ դժվար ծրագիր է եւ հետագա ճակատագիրը պետք է լինի բիզնես՝ որոշակի առաջարկի հիման վրա, այլապես այդ ծրագիրը օդում կախված կմնա: Ֆիլմերի թվայնացումը կշարունակենք, բայց հետագա ճակատագիրը եւս պիտի հստակ դիտարկվի կինոինդուստրիայի զարգացման ծրագրի պարագայում՝ բիզնես տարրի բաղադրիչով, որովհետեւ կինոստուդիայի պահպանումն այսօր անիրատեսական է, որքան էլ որ մենք ասենք, որ մենք ուզում ենք անենք։ Ռուսաստանի պես պետությունն այսօր չի կարողանում արդիականացնել իր կինոստուդիաները»,-ասաց մշակույթի նախարարը։
Ըստ մեր զրուցակցի՝ կինոստուդիայի դժվարին ճակատագիրը պետք է հիմնվի բիզնես առաջարկի վրա, միայն մասնավորի հետ համագործակցության արդյունքում։ Մինչ այս պահը, չկան առաջարկներ, ներդրողի փնտրտուքները դեռեւս ապարդյուն են, հնարավոր է՝ առաջիկայում լինի հայտարարություն։
«Այսօր մենք խոսում ենք կիոնարատադրական բազայի մասին, որը չափազանց ծախսատար խնդիր է, եւ առանց մասնավոր հատվածի պետությունը չի կարողանալու այդ խնդիրը հաղթահարել։ Դեռ չկա ներդրող, մենք հիմա ծրագիրը պետք է ամփոփենք, թե ինչ ենք ուզում տեսնենք, որից հետո, բնականաբար, կսկսենք բանակցությունները, թե ով կարող է հետաքրքրվել այդ ծրագրին ներգրավելու առաջարկով»։
Հասմիկ Պողոսյանը նշեց, որ իրենք շարունակում են ֆիլմերի թվայնացման աշխատանքները, որքան կարողանում են։
Նշենք, որ դեռեւս 2015-ի ամռանը կառավարությունը հետ վերցրեց Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան, քանի որ սեփականատերեր Ջերարդ Գաֆեսճյանը եւ Բագրատ Սարգսյանը տասը տարիների ընթացքում չէին կատարել խոստացված ներդրումները, չէին կառուցել նկարահանման տաղավարներ, կինոստուդիան չէր վերազինվել ժամանակակից ու հզոր տեխնիկայով, բավարար քանակով չէին թվայնացվել հայկական ֆիլմերը։
Աղբյուրը` http://news.am/