Գրիպի բարդացումից հիվանդանոցում մահացել է հինգերորդ հիվանդը
Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում նախորդ գիշեր սուր շնչառական H1N1 սուր վարակիչ շնչառական հիվանդության հարուցած բարդացումից մահացության դեպք է գրանցվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։
«Տղամարդը Ռուսաստանից էր եկել, այնտեղ երկար ժամանակ հիվանդ է եղել, հետո եկել է Գյումրիում է հոսպիտալացվել, տեղափոխվել է Միքայելյան ինստիտուտ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել»,-ասաց Անահիտ Հայթայանը։
Նշենք, որ սա գրիպի բարդացումից մահացության հինգերորդ դեպքն է։
Հունվարի 9-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել էր սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ: Այսօրվա տվյալներով հոսպիտալացված է 85 հղի, որից 20–ի մոտ` թոքաբորբ: Հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում այսօրվա տվյալներով բուժում է ստանում 83 հիվանդ, որից 7-ը միացված է արհեստական շնչառական սարքին:
Աղբյուրը` news.am